Լեհաստանում հարսնացուին դեպի խորան է առաջնորդել նրա պապիկը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերանը: Ինչպես հայտնել է Daily Mail հրատարակությունը, արարողությունից երկու օր անց նա մահացել է:
Յոհաննա Սեման իր 94 տարեկան պապիկին՝ Բրոնիսլավ Կարվովսկուն, խնդրել էր իր հարսանիքին մասնակցել, հենց որ փեսացուն նրան առաջարկություն էր արել: Ծերունին արդեն հազիվ էր քայլում, բայց թոռնուհուն խոսք էր տվել, որ անպայման նրան կաջակցի այդ շատ կարևոր օրը:
Թոռնուհուն փեսացուի մոտ տանելուց առաջ Կարվովսկին, որը տոնական համազգեստ էր հագել՝ բոլոր պարգևներով, նրան խոստովանել է, որ անհամբերությամբ էր սպասում հարսանիքին և հպարտանում է, որ հասել է այդ օրվան: Հյուրերին շատ է հուզել պապիկի և թոռնուհու հայտնվելը, իսկ փեսացուն հազիվ է կարողացել զսպել արցունքները: Հարսանիքից հետո 30-ամյա Սեման, որը բուժքույր է աշխատում, պապին խոստացել է, թե չի թողնի, որ նա մահանա հիվանդանոցում: Նա պապի մասին հոգ է տարել մինչև նրա վերջին շունչը:
Չնայած իր վատ ինքնազգացողությանը, վետերանն ուրախացել է, երբ իմացել է, որ հարսանիքի իր լուսանկարները լայնորեն տարածվել են սոցիալական ցանցերում: Սեմայի խոսքով՝վետերանը շատ բան է արել ընտանիքի համար: Նա տատիկի ու պապիկի հետ ապրել է մեկ տարեկանից, և նրանք իր համար դարձել էին երկրորդ ծնողներ:
«Պապիկը շատ համբերատար էր: Նա 13 թոռ ուներ, և մենք կռվում Էինք նրա կողքին քնելու իրավունքի համար, որովհետև նա պատմում էր ամենահետաքրքիր հեքիաթներն ու պատմությունները»: «Չորս տարի առաջ նրան կարդիոխթանիչ պահանջվեց. այն ժամանակ նա ինձ ասաց, որ հարկավոր է արագացնել հարսանիքը, որովհետև իր պիտանելիության ժամկետը լրանում է»,- հիշում է հարսնացուն: