Առաջինը, որ աչք է զարնում Նուբարաշենի աղբանոցի տարածքում, աղբակույտերի վրա սավառնող որորների մեծ քանակն է:
Անծայրածիր աղբակույտերում փայլուն թղթեր, ապակիներ, անթիվ-անհամար պլաստիկ շշեր և տոպրակներ են «լողում», քանդված սառնարաններ, կեղտոտ ներքնակներ…
Աչքի համար այդքան էլ վախենալու չէ, ավելի շուտ հետաքրքիր է: Ուզում ես մեքենայից դուրս գալ և հասկանալ, թե ինչ տարօրինակ շինություններ են երևում աղբանոցի բոլոր անկյուններում և ինչ կա կապույտ բրեզենտից հսկայական տոպրակներում:
Սակայն, երբ դուրս ես գալիս ավտոմեքենայից, քթիդ զզվելու աստիճան գարշահոտ է խփում: Ստիպված ես ջանքեր գործադրել չընկնելու համար: Դա բավական դժվար է, եթե հաշվի առնենք ոտքի տակից սահող հողը: Նույնիսկ աղբատար մեքենաներն են դժվարությամբ տեղաշարժվում այս տարածքում: Այս տեսարանը լրացնում են բղավող ու չսափրված տղամարդիկ:
Մորուքավորներից մի քանիսը սպառնում են և պահանջում չնկարահանել աղբանոցն ու մարդկանց: Մինչ մենք վիճում ենք, իսկ աղբահավաք ավտոմեքենան` բեռնաթափվում, այս ու այն կողմից նիհար ու արևավառ դեմքերով մարդիկ են գալիս, քանդում տոպրակներն ու տանում իրենց հետ: Նիհար մի տղամարդ` գլխարկը գլխին, համակարգում է նրանց գործողությունները, պահանջում, որ ոչինչ չասեն և ամեն կերպ փորձում է մեզնից հեռացնել մի կնոջ: Սակայն կինն ակնհայտորեն ուզում է խոսել, բայց վախենում է:
Տղամարդկանց շարքում այնքան նիհար մի տղայի ենք նկատում, որ նույնիսկ կողերը կարելի է հաշվել: Նրա հագին շապիկ չկա, շորտով է ու հողաթափերով: Միայն այն մտքից, որ նրա ոտքերը դիպչում են այս կեղտին, սարսափում ես: Բայց նրան միևնույնն է:
Առաջին հարցը, որ ծագում է՝ ինչո՞ւ է նա այստեղ, և ո՞ւր են նրա ծնողները: Նա լռում է: Միայն հպարտությամբ ասում է, որ Վրաստանից է, դպրոց չի գնում: Հարցին, թե արդյո՞ք աղբանոցում է ապրում, ասում է՝ ոչ: Միևնույն ժամանակ ծածուկ նայում է համակարգող նիհար տղամարդուն: Տղամարդը, կարծես, գոհ է. ավելորդ բան չասաց տղան:
Մինչ մենք զրուցում ենք աղբահավաք ընկերության աշխատակցի հետ, ամբողջ «բանդան» աննկատ շրջապատում է մեզ: Հավաքվածները պարբերաբար ընդհատում են հարցազրույցը՝ քույրի՛կ, մեր ճանճերը թունավոր են, տես՝ չկծեն: Սակայն պատասխան ժպիտից հետո թուլանում են և անցնում իրենց գործին: Նիհար կինն օգտվում է առիթից ու մոտենում մեզ:
«Մենք որևէ վատ բան չենք անում: Պարզապես աղբն ենք հավաքում, պլաստիկն առանձնացնում ապակուց, մետաղներից և այլն: Հավաքում ենք այն մեծ տոպրակներում և հանձնում: Եթե ինչ-որ բան դուր է գալիս, մեզ ենք վերցնում», — վստահեցնում է կինը:
Կինը չի ուզում ասել, թե աղբի այդ տոպրակներն ով է տանում, արդյոք իրենք աշխատավարձ ստանում են աղբը տեսակավորելու համար և որքան ժամանակ են զբաղվում այս գործով:
Հարցին` արդյո՞ք ճիշտ է, որ բոլոր այս մարդիկ (մի քանի տասնյակ) այս տարածքում են ապրում, նա հաստատուն գլխով է անում, սակայն բարձրաձայն ասում է՝ ոչ: Նույնը պնդում է նաև համակարգողը: Միևնույն ժամանակ վստահեցնում է, որ աղբանոցի տարածքում անչափահասներ չկան:
Սակայն մենք փոքրիկ շինություններ ենք տեսնում, որոնցից մի քանիսում կարելի է անկողնային պարագաներ նկատել: Մեզ թույլ չեն տալիս նույնիսկ դա նկարահանել:
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am