Նրա կյանքում բացառիկ դեր է խաղացել մայրը, ով երաժշտության նկատմամբ սեր է սերմանել և մշտապես աջակցել է իր տղային: ՀՀ վաստակավոր արտիստ ջութակահար Նիկոլայ Մադոյանի կայացման գործում կարևոր դեր խաղացած երկրորդ մարդը նրա ուսուցիչն էր` հայտնի մանկավարժ Զախար Բրոնը, ով 13-ամյա պատանուն լսելուն պես նրան հրավիրել է Նովոսիբիրսկ` իր մոտ սովորելու: Տարիներ անց Մադոյանը, ով արդեն «Գինեսի» ռեկորդակիր է ու համաշխարհային ճանաչում վայելող անուն, սիրով ու ջերմությամբ է վերհիշում իր կյանքում կարևոր դեր խաղացած այս երկու մարդուն:
Սեպտեմբերի 19-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանն անվանի ջութակահարի մասնակցությամբ կկայանա համերգ՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 27-ամյակին: «Արմենպրես»-ի #CultTalk նախագծում Նիկոլայ Մադոյանը պատմում է առաջիկա համերգի, կյանքում կարևոր դեր խաղացած մարդկանց, «Գինեսի» ռեկորդի ու սեփական հաղթարշավի մասին:
Վիվալդին ու Մադոյանը
Սեպտեմբերի 19-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հանդես կգամ Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ` դիրիժոր Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ: Համերգային երեկոյին ես կկատարեմ Վիվալդիի «Տարվա եղանակները»: Համաշխարհային ճանաչում ունեցող ստեղծագործություն է, բոլորն այն գիտեն, ներկայացնում է մարդու կյանքի ամբողջական շրջափուլը:
Համերգը նվիրված է մեր երկրի անկախության 27-ամյակին: Կարծում եմ, անկախությունը մեր ամենամեծ ձեռքբերումն է… Կամերային նվագախմբի հետ բազմիցս համագործակցել ենք, շատ բարձր կարծիքի եմ նվագախմբի մասին, այստեղ հանդես են գալիս պրոֆեսիոնալ երաժիշտներ: Վիվալդիի այս գործը դեռ Արամ Ղարաբեկյանի ղեկավարման տարիներին ենք ներկայացրել: Այս անգամ ելույթ եմ ունենալու Կարեն Դուրգարյանի հետ: Նրա հետ առաջին անգամ պատմության մեջ մեկ երեկոյի ընթացքում նվագեցինք Պագանինիի վեց կոնցերտները:
Պագանինին և «Դյուցազնագիրքը»
2014-ին 3 ժամ 25 րոպեում նվագեցի Պագանինիի 6 կոնցերտները: Պագանինիի գործերն աշխարհի ամենաբարդ ստեղծագործություններն են, ջութակահարները սովորաբար ամեն համերգին երկու գործից ավելի չեն նվագում: Ես նվագել եմ առանց նոտաների: Դրա համար ընդգրկվեցի «Դյուցազնագրքում», ինչպես նաև դարձա «Գինեսի» ռեկորդների գրքի հավակնորդ: Քանի որ մինչ այդ որևէ երաժիշտ մեկ համերգի ընթացքում չէր կատարել այդ բոլոր գործերը, «Գինեսի» ռեկորդների գրքի կազմկոմիտեն չուներ հնարավորություն իմ ելույթը համեմատելու այլ արտիստի ելույթի հետ: Նախադեպը դեռ չկար:
«Գինեսի» ռեկորդը
2017 թ. փետրվարի 11-12-ը Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը 33 ժամ, 2 րոպե, 41 վայրկյան նվագեցի տարբեր դարաշրջանների կոմպոզիտորների 59 ստեղծագործություն, ինչի համար էլ ճանաչվեցի «Գինեսի» ռեկորդակիր: Ժամը մեկ հինգ րոպե դադարի հնարավորություն եմ ունեցել, նվագել եմ առանց սնվելու, մեղրաջուր խմելով. երաժշտությունն էր ինձ սնում:
Հետաքրքիր համագործակցություններ
Հոլանդիայում` Ամստերդամում տարիներ առաջ` 90-ականներին բարեգործական համերգ էր կազմակերպվել ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից, որին մեր ելույթները ներկայացնում էր հանրահայտ դերասանուհի Օդրի Հեփբըրնը: Համերգային երեկոյին մասնակցում էին նաև երգիչներ Խուլիո Իգլեսիասը, Պատրիսիա Կաասը: Ես համերգին նվագում էի Մասնեի «Մեդիտացիա» ստեղծագործությունը:
Մեկ այլ հետաքրքիր համագործակցություն էլ հիշեցի: 16 տարեկան էի: Ճապոնիայում դաշնակահար Եվգենի Կիսինի հետ ենք նվագել, Միխայիլ Գորբաչովն էր ներկա համերգին: Ես Չայկովսկու Ջութակի կոնցերտը, Կիսինը` Դաշնամուրի կոնցերտն էր նվագում:
Զախար Բրոնն ու վունդերկինդների դասարանը
13 տարեկան էի, երբ Զախար Բրոնը եկավ Հայաստան: Իմ նվագը լսեց, առաջարկեց ուսումս շարունակել Նովոսիբիրսկում: Մայրիկիս հետ մեկնեցինք այնտեղ: Մայրս բացառիկ դեր է ունեցել իմ կյանքում, միշտ աջակցել է ինձ, ինքն իրեն զոհաբերել է հանուն ինձ:
Զախար Բրոնի մոտ յուրահատուկ մթնոլորտ էր տիրում: Սովորում էի վունդերկինդների դասարանում: Մեկս մյուսից էներգիա էինք քաղում, առողջ մրցակցություն էր տիրում: Երաժշտությունը մեր կյանքի հիմքն էր: Հիմա էլ է այդպես: Այդ տարիներին տարբեր մրցույթների եմ մասնակցել, Չայկովսկու անվան մրցույթը շահեցի, հետո դարձա Գեորգ Կուլենկամպֆի անվան ջութակահարների միջազգային մրցույթի հաղթող:
…Ես հիմա շատ հաճախ վարպետության դասեր եմ տալիս, աշխատում եմ իմ բոլոր նվաճումները, գիտելիքները փոխանցել նոր սերնդին, ինչպես իմ ուսուցիչներն էին նախկինում ինձ օգնում ու աջակցում:
Երաժշտության մատուցման մակարդակը
Դասական երաժշտության ոլորտում կարևորագույն հարցերից մեկն այն է, թե ինչպես ես մատուցում երաժշտությունը: Շատ կարևոր է մատուցվող երաժշտության մակարդակը, այն պետք է բարձր լինի: Եվ այս առումով արտիստը շատ կարևոր դեր է խաղում:
Նախագծի հեղինակ՝ Ռոզա Գրիգորյան
Լուսանկարները՝ Էդուարդ Սեպետչյանի