Հայաստանում վաղուց քաղաքական դաշտում սկզբունքների, գաղափարների պայքարին փոխարինում է անձերի պայքարը և պոպուլիզմը: Քաղաքական ուժերը կարող են հրապարակային խոսել մի գաղափարից, իսկ իրականության մեջ գործել դրան ընդդեմ: Ավելին Հայաստանում քաղաքական գործիչները կարող են մի օր լինել սոցիալիստ, իսկ հաջորդ օրը կապիտալիստ: Հայաստանում մենք հաճախ կարողենք տեսնել «արևմտամետների», որոնք սիրում են ապրել, որպես Ռուսաստանի վասալ երկրի ներկայացուցիչ:
Թավշյա հեղափոխությունից հետո թվում էր, թե եկել է գաղափարների պայքարի ժամանակը և մենք այլևս առողջ քաղաքական դաշտ կունենանք, որտեղ գործիչները կքննարկեն, թե որ ճանապարհով տանեն Հայաստանը՝ ռուսամետությա՞ն, թե՞ արևմտամետության, սոցիալիզմի՞, թե՞ կապիտալիզմի ճանապարհով:
Այս սպասումները միանգամից հոդս ցնդեցին, երբ վարչապետ դառնալուց հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ոչ միայն չպետք է դուրս գալ ԵԱՏՄ-ից, այլև պետք է ավելի ակտիվ աշխատել միջազգային այդ կազմակերպությունում:
Քաղաքացիական պայմանագիր կուսակցության մինչև 2018թվակնի սեպտեմբերի 8-ի ծրագիր:
Եվ սա այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած կուսակցության ծրագրի 4 Զ կետում ասվում է. «Քաղաքացիական պայմանագիրը արտաքին քաղաքական սխալ է համարում Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին եւ վերահաստատելով «ոչ… ոչ»-ի դիրքորոշումը, գտնում է, որ քանի դեռ չի կարգավորվել Լեռնային Ղարաբաղի հարցը, Հայաստանը չպետք է դիտարկի Եվրոպական միությանը անդամագրվելու հարցը: Հայաստանը պետք է հատուկ հարաբերություններ կառուցի երկու դրացիների՝ Իրանի եւ Վրաստանի հետ. այդ հարաբերությունները պետք է առավելագույնս դուրս լինեն աշխարհաքաղաքական կոնյունկտուրայի ազդեցությունից: ԱՄՆ-ի, Ռուսաստանի, ԵՄ-ի, Չինաստանի հետ Հայաստանի հարաբերությունների նպատակը արժանապատիվ հարաբերությունների հաստատումն ու ՀՀ ինքնիշխանության պաշտպանությունն է: Հայ-թուրքական հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց նախապայմանների»(Մանրամասն այստեղ):
Բայց պարզվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի բավարարվել միայն կուսակցության ծրագրին հակառակ գծելով: Սեպտեմբերի 8-ին Մոսկվա այց կատարելուց առաջ փոխվել է կուսակցության ծրագիրն ամբողջությամբ: Այժմ կուսակցության ծրագրում այլևս ԵԱՏՄ անդամակցությունը սխալ չի համարվում, ավելին ծրագրում նշված է.«Եվրասիական տնտեսական միությանը և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը Հայաստանի անդամակցությունն առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ» (Առավել մանրամասն այստեղ )
Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նոր ծրագիր:
Այս ֆոնին հետաքրքիր է հիշել Քաղաքացիական պայամանագիր կուսակցության կառկառուն դեմքերի հայտարարությունները, որոնք նրանք անում էին մեկ տարի առաջ: Ներկայումս փոխվարչապետի պաշտոն զբաղեցնող Տիգրան Ավինյանը ուղիղ մեկ տարի առաջ խոսելով ԵԱՏՄ Հայաստանին տված օգուտի մասին, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել էր.«Մեկուկես միլիարդ դոլարի կարգի արտահանումինց արդեն մի չնչին տոկոսն է՝ լոլիկներն ու վարունգները․․․ Շատ փոքր տոկոսի մասին է խոսքը: Փորձել արդարացնել ԵԱՏՄ մտնելը լոլիկի և վարունգի վաճառքով, կարծում եմ, փոքր-ինչ ծիծաղելի է: Ասեմ ավելին․ նախկինում մենք ունեցել ենք համաձայնագրեր Ռուսաստանի հետ և անխոչընդոտ արտահանել ենք մեր բուսական մթերքները դեպի Ռուսաստան, և չեմ կարծում, որ այդ նախկին պայմանագրի շրջանակում որևէ խոչընդոտ եղել է: Որոշ բաներ կարող է և հեշտացրել են, բայց ուզում եմ ասել, որ արտահանման ծավալների մեջ դրանք մեծ թիվ չեն»:
Իսկ Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու հարցը կեղծ օրակարգ որակելուն Տիգրան Ավինյանն արձագանքեց, թե մեկ գիշերում Սերժ Սարգսյանի կողմից ԵԱՏՄ-ին անդամակցելու որոշումը կայացնելուց հետո Հանրապետականն իրավունք չունի գնահատականներ տալ․ — «ԵԱՏՄ մտնելու հարց չենք ունեցել չորսը տարի մեր օրակարգում, և մեկ գիշերում ունեցել ենք օրակարգում և միանգամից մտել ենք: Չորսը տարի մեզ ասում էին, որ դա մեզ պետք չի, ընդհանրապես Հայաստանի Հանրապետությանը ձեռնտու չի և այլն․․․ մեկ գիշերում ամբողջ այդ տրամաբանությունը փոխվեց, և մենք հայտնվեցինք ԵԱՏՄ-ում: Հետևապես, կարծում եմ, որ չի կարող լինել մի բանի քննարկումը կեղծ օրակարգ, որը տեղի է ունեցել մի օրում»:
Քաղաքացիական պայմանագիր կուսակցության կանոնադրություն:
Ի դեպ Ռուսաստան կատարվելիք այցից առաջ կուսակցության ծրագրի փոփոխությունը կատարվել է կուսակցության կանոնադրության 5,5 կետի խախտմամբ (Մանրամասն այստեղ), քանի որ ըստ այդ կետի կուսակցության կանոնադրության, ծրագրի ընդունումը, դրանցում փոփոխություններ եւ լրացումներ կատարելը կուսակցության համաժողովի բացառիկ իրավասության հարցերն են, իսկ կուսակցական համաժողով վերջին անգամ ՔՊ-ն ունեցել է 2017 թվականին: Այս մասին Politik.am-ի հետ զրույցում ասաց կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը. «2016 թվականին ենք համաժողով ունեցել, որտեղ վաչություն ընտրվել և ունեցել ենք համաժողով 2017 թվականի սկզբին, որտեղ ԱԺ ցուցակն է կազմվել: Նոր համաժողով սպասվում է Երևանի ավագանու ընտրություններից հետո»,-ասաց Վահան Կոստանյանը:
Հ.Գ. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության այս պահվածքը շատ նման է Սերժ Սարգսյանի մեկ գիշերում Հայաստանը ԵԱՏՄ տանելուն: Երևի ՔՊ-ում էլ ժամանակ չեն ունեցել համաժողով կազմակերպել և կուսակցության անդամների համաձայնությունը ստանալ կատարված փոփոխությունների համար:
Ամբողջությամբ՝ politik.am