«Ես լսեցի Երվանդ Քոչարին»
Advertisement 1000 x 90

«Ես լսեցի Երվանդ Քոչարին»

Եկող տարի Կոտայքի մարզի Արգել գյուղը փայտագործության արվեստի թանգարան կունենա: Տուն-թանգարանը Արգելին է նվիրելու նույն գյուղի բնակիչ, փայտարվեստի ոլորտի անվանի փորագրիչ, զարդանկարիչ Արսեն Փանոսյանը:

Նա պատրաստվում է գյուղի իր տունը վերանորոգել ու իր ստեղծագործություններով հանդերձ նվիրել գյուղին. «Առանց այդ էլ տունս հիմա ոնց որ թանգարան լինի, եթե էս կողմերով մի զբոսաշրջիկ է անցնում, անպայման այցելում է աշխատանքներս տեսնելու: Հոգուս մեջ ես տունս արդեն կտակել եմ իմ հայրենի գյուղին, մնում է բարով-խերով վերանորոգում էլ անեմ ու հանձնեմ իրենց»: Տուն-թանգարանը կանմահացնի Փանոսյանին և իր որդիներին:

Փայտի փորագրության մեջ ունեցած իր հաջողությունների համար Արսեն Փանոսյանը շնորհակալ է իր մորեղբորը և ուսուցչին՝ հայտնի բժիշկ և քանդակագործ Հովսեփ Մարգարյանին: «Սակայն,- ասում է,- եթե չլիներ Երվանդ Քոչարը, ես երևի դերասան դարձած լինեի: Ինքն էր, որ միանշանակ պնդում ու ոգևորում էր ինձ՝ շարունակել փայտի փորագրությունը: Ասում էր՝ ուրիշ ասպարեզներում դու հնարավոր է շատ լավ մասնագետ դառնաս, բայց եթե շարունակես փորագրել, դու կդառնաս Արսեն Փանոսյան: Ես լսեցի նրան և չսխալվեցի»:

Որպես կանոն, աշակերտները շարունակում են գերազանցել ուսուցիչներին. «Եթե փայտի փորագրության մեջ երևելի համարվող Հակոբ Նաղաշյանի ու Հակոբ Ազատյանի մոտ փայտի միաշերտ փորագրություն է եղել, ապա քեռիս՝ Հովսեփ Մարգարյանը կատարելագործել է այն մինչև երկշերտ փորագրության աստիճանը, ինձ մոտ հասավ երեք շերտի, տղաս՝ Պարույրը հասավ քառաշերտի: Ես մինչև հիմա էլ զարմանում եմ՝ ո՞նց կարելի է քառաշերտ անել: Փոքր տղաս եռաշերտի հասել է, հույս ունեմ քառաշերտն էլ կհաղթահարի»:

Արսեն Փանոսյանը փայտի գաղտնիքները հաղորդել է 67 հոգու, աշակերտներից միայն հինգի աշխատանքներն են նրան գոհացնում, նրանցից երկուսն իր որդիներն են: Միակ մտահոգությունն այն է, որ և որդիների, և մյուս բոլոր աշակերտների մոտ փորագրությունը զուտ տեխնիկական աշխատանք է, ստեղծագործական մոտեցում չկա: «Ես հանգիստ գերեզման կիջնեմ այն ժամանակ, երբ իմ տղաները սկսեն փորագրել իրենց հեղինակած զարդանախշերը»: Ասում է, թե Պարույրն արդեն փորձում է: «Սակայն վախ կա մեջը, վախենում է կրկնվելուց»:

Շուրջ կեսդարյա ստեղծագործական կյանքում Արսեն Փանոսյանը 60 աշխատանք է ստեղծել: Իր գլուխգործոցը համարում է եռաշերտ փորագրությամբ մեծածավալ սկահակը, որի համար արժանացել է «Մովսես Խորենացի» մեդալին: «23 տարի է պահանջվել ինձանից այդ սկահակի համար, օրական 6-12 ժամ եմ աշխատել»,- ասում է: Եվս երեք գլխավոր մրցանակների էլ արժանացել է տարբեր տարիների միջազգային տարբեր փառատոներում: Փայտի բազմաշերտ փորագրության հասնելու համար մարդ պետք է լայն մտահորիզոն ունենա ու համբերություն՝ գտնում է քանդակագործը: Նրան մինչև հիմա զարմանք է պատճառում ավագ որդու փորագրած քառաշերտ խաչը, 9 տարվա անդուլ աշխատանք էլ դա է պահանջել: «Հիմա, եթե մեկը գալիս ինչ-որ բան է ուզում գնել, ես այնպիսի գին եմ ասում, որ չկարողանա վճարել, որովհետև չեմ կարողանում էդ գործերը տնից հանել»,- ասում է: Սակայն որոշ գործեր, այնուամենայնիվ, ստիպված է եղել վաճառել: Հատկապես կարոտով է հիշում իր «Սասունցի Դավիթը». 7մ 21 սմ տրամագծով այս աշխատանքը, որ ներկայացնում է էպոսի բոլոր հերոսներին, այժմ գտնվում է մասնավոր հավաքածուում: «1985 թվականին «Սասուցի Դավիթը» Մոսկվայում ինձ ոսկե մեդալ բերեց: Ասում են, թե Մարգարետ Թետչերին այդ գործն այնքան է դուր եկել, որ ցանկացել է այդ աշխատանքը Լոնդոնում տեսնել: Սակայն էն ժամանակ պետությունը դեմ էր էդպիսի գործարքներին ու պատճառաբանելով, թե իբր հեղինակը համաձայն չէ, չեն տվել: Սակայն էն ծանր տարիներին ստիպված եղա վաճառել»,- հիշում է Ա. Փանոսյանը:
65-ամյա քանդակագործն այժմ բնակվում է հայրենի գյուղում: Ակտիվորեն մասնակցում է գյուղի հասարակական կյանքին: Ավագանու անդամ է: Մտահոգությունների շրջանակը, սակայն, հայրենի Արգելով չի սահմանափակվում: Այս օրերին խիստ մտահոգ է սահմանադրական փոփոխություններով: Ասում է՝ «Սրտիս մեջ ես իմ Սահմանադրությունն եմ ստեղծել, կուզենայի հենց դա գործեր»: Ըստ Արսեն Փանոսյանի «սրտի Սահմանադրության», Ազգային ժողովը պետք է գործի հասարակական հիմունքներով. «Այնտեղ պետք է լինեն միայն գիտության մարդիկ՝ ակադեմիկոսներ, գիտնականներ, գիտության թեկնածուներ՝ բոլոր բնագավառներից, նրանք պետք է նստեն Ազգային ժողովում ու օրենք մշակեն, ի՞նչ գործ ունի «ավտարիտետ» լավ տղեն Ազգային ժողովում, կամ էն խեղճ գործարար լավ տղեն ի՞նչ կարող է անել, ասենք, լեզվի մասին օրենք մշակելիս… Եթե Ազգային ժողովը գործի միայն ու միայն հասարակական հիմունքներով, կտեսնեք՝ ոնց է էս երկրից վերանում կոռուպցիան»:

Նարինե Ավետյան

«168.am»



Նման նյութեր