Դուդուկը սաքսոֆոնի պես չպիտի նվագես
Advertisement 1000 x 90

Դուդուկը սաքսոֆոնի պես չպիտի նվագես

Թեև Լևոն Մինասյանը նաև մանդոլին և դաշնամուր է նվագում, բայց համարում է, որ իր առաջին գործիքը դուդուկն է: Երեք տարի առաջ Լ. Մինասյանը Ջիվան Գասպարյանի հրավերով եկել է Հայաստան և Գյումրիում համերգ ունեցել: Նա հազվադեպ է Հայաստան այցելում, քանի որ խիստ զբաղված է: Իր վերջին այցը համընկավ հայտնի ֆրանսիացի լուսանկարիչ Յան Արտուս-Բերտրանի այցի հետ: Աշխարհի տարբեր անկյուններում արված լուսանկարները մի ամբողջական ֆիլմ են դարձել, որի մեջ հնչում են նաև Լևոն Մինասյանի դուդուկն ու իր քրոջ՝ Վարդուհի Մինասյանի կատարած հայկական երգերը: Ֆրանսիայում Լևոն Մինասյանը ստացել է շևալյեի, այսինքն՝ ասպետի կոչում: Նրա դուդուկը հնչում է շատ հայտնի երգիչների կատարումների և ֆիլմերի մեջ: Սթինգի հետ նա համաշխարհային տուրնեի է մասնակցել և ձայնագրվել նրա վերջին ալբոմում: Իսկ Մել Գիբսոնը նրան հրավիրել է ձայնագրվելու իր հայտնի՝ «Հիսուսի վերջին գայթակղությունը» ֆիլմում: Լևոն Մինասյանը շատ ֆիլմերում է նվագել, մեզ ամենահայտնի ֆիլմը Անրի Վերնոյի «Մայրիկն» է:

«Մեր դուդուկն աշխարհում առաջին երաժշտական գործիքն է կարծես դարձել,- ասում է Լևոն Մինասյանը: -Մեր դուդուկը բացառիկ է, ինչ ազգության մարդ էլ որ լսում է, անպայման հուզվում է: Երբ ես դուդուկ եմ նվագում, նույնիսկ ինձ համար՝ փորձի ժամանակ, արդեն հուզվում եմ»: Նա արդեն 35 տարի իր օրը դուդուկով է ավարտում, նվագում է մինչև ուշ գիշեր: Շառլ Ազնավուրը, Էլեն Ցիգարան, Պատրիկ Ֆիորին, Սթինգը, կորսիկացի երաժիշտները դիմել են դուդուկի հայ վարպետին և իրենց կատարումներում ընդգրկել դուդուկի նուրբ ու միաժամանակ հպարտ հնչյունները: «Ես չեմ ուզում նմանակել Երևանի դուդուկը, այլ ցանկանում եմ դուդուկի առաջ դռներ բացել: Դուդուկը մի գործիք է, որն Աստված է տվել մեր ազգին»,- ասում է Լևոն Մինասյանը: Նա հուզմունքով է հիշում իր առաջին հանդիպումը Շառլ Ազնավուրի հետ. «Ազնավուրը եկավ այն ստուդիան, որտեղ ես ձայնագրվում էի, և ասաց. «Մի ասեք Լևոնին, որ ես եկել եմ, չեմ ուզում նրան խանգարել, ուզում եմ պարզապես լսել: Եթե հավանեմ նրա նվագը, իմ նոր ալբոմում ձայնագրվելու կհրավիրեմ»: Մյուս օրը հանդիպեց ինձ ու ասաց. «Քո նվագը լսելով՝ ես մի ամբողջ կյանք ապրեցի»:
Ֆրանսիացու թեթևությունն ու իմպրովիզացիաներ անելու ցանկությունը հաճախ նոր երանգներ են հաղորդում ժայռերի ու քարերի երկրում ծնված մեր երաժշտական գործիքին: Լ. Մինասյանը ոչ միայն հայկական երաժշտություն է նվագում, այլև ֆիլհարմոնիկ նվագախմբերին է նվագակցում և ջազային կոմպոզիցիաներ է ստեղծում: «Դուդուկը շատ ունիվերսալ է: Պետք չէ միայն «Դլե յաման» կամ «Հորովել» նվագել, կարելի է հրաշալի իմպրովիզացիաներ անել»,- ասում է Լ. Մինասյանը, ով նաև ջազային փառատոների է մասնակցում, քանի որ համոզված է, որ դուդուկի առջև բոլոր դռները բաց են:

Ֆրանսիայում նա նաև դպրոցում է աշխատում և տարբեր ազգերի երեխաներին դուդուկի, քամանչայի, քանոնի ու դհոլի դասեր է տալիս: Նա համարում է, որ դուդուկ նվագելն ամեն մեկի բան չէ. «Դուդուկը մեջդ պետք է լինի: Եթե պիտի դուդուկը սաքսոֆոնի պես նվագես, ապա ավելի լավ է ընդհանրապես չնվագես»: Դուդուկը բարության և ներդաշնակության ճանապարհն է հուշում: Եթե նույնիսկ այդ ճանապարհը մի քիչ թախծոտ է թվում, ապա այն միանշանակ ամենագեղեցիկն է: Լևոն Մինասյանը համոզված է, որ դուդուկահարը պետք է բարի լինի և թույլ չտա, որ հաջողության հասնելուն պես իր մոտ աստղային գլխապտույտ սկսվի. «Մարդը երբ դուդուկ է նվագում, միշտ պետք է մարդ մնա: Երբ ժողովուրդը դուդուկ է լսում, նա պետք է սիրի ոչ միայն դուդուկը, այլև նվագողին: Ես 40 տարի առաջ էլ նույնն էի, ինչ հիմա եմ»: Նա ժպտերես, բարյացակամ և միշտ շփման պատրաստ երաժիշտ է: Իր համար Հայաստանի և դուդուկի խորհրդանիշը Ջիվան Գասպարյանն է, քանի որ կարողանում է լավագույնս ներկայացնել մեր դուդուկը. «Մենք աշխարհում պետք է ամենալավ տեսակով երևանք, սովորենք ինքներս և սովորեցնենք երեխաներին: Եվ թող ամբողջ աշխարհը սիրի մեր դուդուկը»,- ասում է նա:

Նունե Հախվերդյան

«168.am»



Նման նյութեր