Դեռեւս օգոստոսի 6-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոռոգման շրջանի հրատապ լուծում պահանջող խնդիրների շուրջ հրավիրված խորհրդակցության ժամանակ խոսել էր Սեւանա լճի մասին` ասելով. «Սեւանա լճի այսօրվա իրավիճակը մեզ ստիպում է արձանագրել, որ պետք է դադարենք Սեւանին վերաբերվել որպես խաղալիք կամ ջրի տարա»: Քննարկման արդյունքներով՝ վարչապետը հանձնարարել էր փոխվարչապետ Տիգրան Ավինյանի եւ շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների ներգրավմամբ ձեւավորել աշխատանքային խումբ, որը պետք է անդրադառնա ոռոգման ջրի ապահովման խնդրին ու ներկայացնի համապատասխան առաջարկություններ:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել` ինչ աշխատանքներ են կատարվել: Տիգրան Ավինյանի օգնական Միքայել Հայրապետյանը «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց, որ համապատասխան քննարկումներ եղել են, աշխատանքային խումբը ստեղծված է, արդեն նիստ եղել է, եւ քննարկումներն էլ շարունակվում են: «Քննարկումների նպատակը լուծումներ գտնելն է, տեխնիկական խնդիրները ձեւակերպելն է, թե ինչ է արվելու այդ ուղղությամբ: Սեւանա լճից հավելյալ ջուր վերցնելու վերջին որոշումը ցավոտ էր, դա էքստրեմալ որոշում էր», – նշեց նա: Այսպիսով, հանձնարարականից անցել է մեկ ամսից ավելի, սակայն դեռեւս քննարկումներ են անում: