Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում (ԿԴՀ) Էբոլա վիրուսով պայմանավորված հիվանդության (ԷՎՊՀ) ներկայիս բռնկման սկսվելուց հետո անցած ավելի քան մեկուկես ամսվա ընթացքում «ընդհանուր իրադրությունը բարելավվել է», սակայն «պահպանվում են այն զգալի ռիսկերը», որոնք կապված են Մաբալակո, Բենի և Բուտեմբո շրջաններում գրանցվող դեպքերի շարունակվող հայտնաբերման հետ: ԿԴՀ-ում ստեղծված իրադրությունն այսպես է բնութագրել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն (ԱՀԿ) իր ամենշաբաթյա տեղեկագրում, որը տարածվել է Ժնևում:
Նրա գնահատման համաձայն, «ազգային և տարածաշրջանային մակարդակով տարածմա ռիսկը մնում է բարձր», ուստի հարևան պետություններին ու նահանգներին առաջարկվել է ուժեղացնել համաճարակաբանական հսկողությունը և նախապատրաստական միջոցառումները:
Ինչպես հայտնել է ԿԴՀ-ի առողջապահության նախարարությունը, սեպտեմբերի 16-ի դրությամբ երկրում գրանցված է ԷՎՊՀ-ի՝ լաբորատոր անալիզներով հաստատված 111 դեպք, հիվանդացածներից 66-ը մահացել են:
Մահվան ելքով ևս 31 դեպքում Էբոլա վիրուսն է համարվում մահվան «հավանական» պատճառը, քանի որ դեռևս չի հաջողվել լաբորատոր հետազոտություններ անցկացնել: