ԲՀԿ-ն ահազանգում է Փաշինյանի թիմի տեռորի մասին ու սպառնում փաստերը տրամադրել եվրոպական կառույցներին
Advertisement 1000 x 90

ԲՀԿ-ն ահազանգում է Փաշինյանի թիմի տեռորի մասին ու սպառնում փաստերը տրամադրել եվրոպական կառույցներին

ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունը պատրաստվում է դիմել եվրոպական կառույցներին, Հայաստանում Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին՝ Երևանի քաղաքապետի իրենց թեկնածու Նաիրա Զոհրաբյանի դեմ սոցիալական ցանցերում տարածվող նյութերի, ատելության մթնոլորտի համար:

ԱԺ ճեպազրույցում այս մասին ասաց խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը:

«Օրեր շարունակ սոցիալական ցանցերում, կայքերում տեղի ունեցող կոնկրետ տեղեկատվական տեռորի հանգուցալուծումն է եղել Նաիրա Զոհրաբյանի ելույթը սեպտեմբերի 16-ին կայացած հանրահավաքում: Կոպիտ ձևակերպումներ են լինում թեկնածուի, նրա հարազատների հասցեին: Սոցիալական ցանցերում հանդես են գալիս Նաիրա Զոհրաբյանին չընտրելու կոչերով: Ատելություն, ագրեսիա են քարոզում Զոհրաբյանի նկատմամբ: Մենք ունենք բազմաթիվ փաստեր և առաջիկայում պատրաստվում ենք ներկայացնել եվրոպական կառույցներին, մասնավորապես Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին Հայաստանում»,-ասաց Տոնոյանը:

Անդրադառնալով «Ելք» խմբակցության անդամ Լենա Նազարյանի դիտարկմանը, թե «Ծառուկյան» խմբակցությունը զբաղվում է սև PR-ով, Տոնոյանը նշեց՝ իրենք նման բան չեն իրականացնում: Նաիրա Զոհրաբյանի ելույթը պարզապես եղել է արձագանք նրան, որ մարդկանց անձնական նամակներով կոչեր են ուղարկել՝ չընտրել Նաիրա Զոհրաբյանին: «Օրեր շարունակ սոցիալական հարթակներում տիրող ատելության մթնոլորտի արձագանքն են եղել Նաիրա Զոհրաբյանի և նրա գործընկերների ելույթները»,-նշեց Տոնոյանը:

Վահե Էնֆիաջյանը նկատեց՝ դա հիմնականում տեղի է ունենում «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում: