«Ամեն ինչ տանում է առճակատման, ոչ թե համերաշխության». «Փաստ»
Advertisement 1000 x 90

«Ամեն ինչ տանում է առճակատման, ոչ թե համերաշխության». «Փաստ»

Քաղաքագետ Սուրեն Զոլյանը թեև կարծում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ազնիվ է գործում ու անկեղծ է ժողովրդի հետ, սակայն կարծում է, որ Հայաստանի 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ ծավալված իրադարձությունների ողջ քաղաքական պատասխանատվությունն իր վրա վերցնելով՝ նա փորձ արեց հասարակության ուշադրությունը ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսային զրույցի գաղտնալսման փաստից շեղել: «Բայց Նիկոլ Փաշինյանը պետք է ոչ թե ոստիկանապետի գործառույթներ կատարի, այլ վարչապետի: Եվ այս առումով այդքան էլ հասկանալի չէ, թե ինչու է նման հայտարարություններ անում: Դա իր պատասխանատվության ներքո չէ, իսկ եթե այդպես է, ուրեմն նա պետք է իր պաշտոնը փոխի»,– «Փաստ» թերթի փոխանցմամբ՝ ասել է Ս. Զոլյանը:

Քաղաքագետն այս ամենի մեջ քաղաքական վենդետա տեսնում է, ինչն ավելի ակնհայտ է դառնում քաղաքական հայտարարություններից հետո: Ս. Զոլ յանը, խոսելով Փաշինյանի այն հայտարարության մասին, թե Հայաստանի ներքին խնդիրները պետք է երկրի ներսում լուծվեն, նշեց, որ իր կարծիքով՝ անհնարին է երկրի ներքին և արտաքին խնդիրներն իրարից զատել, քանի որ դա չի հաջողվում անել անգամ ԱՄՆ նախագահին:
«ԱՄՆ նախագահ Թրամփը, ով հայտարարել էր, որ միայն ու միայն զբաղվելու է երկրի ներքին խնդիրներով, ինչպես տեսնում ենք, ուզած–չուզած խառնվում է նաև միջազգային՝ Իրանի, Կորեայի և այլ երկրների հարցերին: Այսինքն, անգամ ԱՄՆ–ի նման հզոր երկրի նախագահի համար է դա անհնար, իսկ թե Հայաստանի պարագայում ինչպես հնարավոր կլինի ներքին ու արտաքին քաղաքական հարցերն իրարից տարանջատել, պարզապես զարմանալի է: Դա անգամ տեսականորեն է անհնար պատկերացնել: Իհարկե, խոսքը աղբահանության մասին չէ, թեև հիմա դա էլ են կապում արտաքին քաղաքականության հետ: Ես, օրինակ, վարկած եմ լսել, որ մեր աղբի խնդրում նույնպես Ռուսաստանն է մեղավոր» – ասաց Ս. Զոլ յանը:
Այդ վարկածը քաղաքագետն, իհարկե, ծայրահեղություն է համարում, չնայած ցանկացած խնդիր ունի իր արտաքին և ներքին բաղադրիչները: Դա, իհարկե բերված օրինակին չի վերաբերում, սակայն հայկական տնտեսությունում սակագներից մինչև վառելիք ու Ռուսաստանից եկող գումարային փոխանցումները փոխկապակցված են այլ երկրների հետ, հատկապես Հայաստանի նման փոքր երկրի պարագայում: «Մենք խոսում ենք Ռուսաստանի մասին, բայց նույնը կարելի է ասել և՛ Վրաստանի, և՛ Իրանի մասին, և այդ ամենը զգալի է անգամ կենցաղային մակարդակով: Ուր մնաց բարձր քաղաքական մակարդակի որոշումների ժամանակ այդպես չլիներ» – ասաց Ս. Զոլանը:
ՊՆ բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած Միքայել Հարությունյանի պաշտոնավարման տարիներին ՌԴ քաղաքացի լինելու փաստը քաղաքագետը թեև օրենքի խախտում է համարում, սակայն այդքան էլ չի կարևորում: «Ես ձեզ կարող եմ տասնյակ գեներալների անուններ տալ, սկսած Քրիստաֆոր Իվանյանից, ովքեր թեև Ռուսաստանի քաղաքացի էին, բայց երևի մեր ամենափայլուն գեներալներից էին: Օրինակ՝ Նորատ Տեր–Գրիգորյանը, ով հիմա Մոսկվայում է ապրում և շատ մեծ դեր է ունեցել մեր հաղթանակի հարցում, Անատոլի Զինևիչը, ով նույնպես Ռուսաստանի քաղաքացի էր, բայց մեր շտաբն էր ղեկավարում, ում մասին չգիտես ինչու մոռացել են, չնայած նրան, որ նա հսկայական դերակատարություն ունեցավ մեր հաղթանակների ծրագրավորման և բազմաթիվ մարդկային կյանքերի փրկության գործում: Այս առումով մենք պետք է գնահատենք մարդու գործը, ոչ թե նրա անձնագիրը: Ես ոչ թե այդտեղ եմ վտանգ տեսնում, այլ այն նեղ մոտեցման մեջ, որ մարդկանց գնահատում են իրենց անձնագրի, այլ ոչ թե արված գործի համար»,– ասաց Ս. Զոլյանը:
Նրա կարծիքով, քանի որ վերջին շրջանում ամեն ինչ ընդամենը տեսարաններ ցուցադրելու տրամաբանությունից է բխում, ապա տրամաբանական է նաև, որ քաղաքի գործերով պետք է շոուբիզնեսում հաջողություններ գրանցած մենեջեր– դերասանը զբաղվի: Եվ ելնելով վերջին օրերի հայտարարություններից՝ քաղաքագետը կարծում է,
որ Երևանի քաղաքապետի ընտրություններում «Նիկոլն արդեն անցել է»
«Ինչպես Սևակն էր ասում՝ վիճակը նետված է, ռուբիկոնն անցած է: Բայց ամենակարևոր հարցը հիմա այն է, որ բոլորը պետք է մտածեն իրենց արածների մասին: Չկա այնպիսի տարանջատում, որ մի մասը պետք է մտածի, նոր խոսի, իսկ մյուս մասը՝ ոչ: Պետք չէ մոռանալ նաև այն հին ասացվածքը, որ պետք է յոթ անգամ չափել, նոր մեկ անգամ կտրել, քանի որ կտրելը հեշտ է, բայց հետ կարելը շատ ավելի դժվար է»,– ասաց Ս. Զոլյանը:
Ի դեպ, «Փաստի» լրագրողի հետ վերջին զրույցի ժամանակ քաղաքագետի դիտարկումներն ու սպասումներն ավելի լավատեսական էին, ինչը չվրիպեց մեր աչքից: Այդ հարցին ի պատասխան Ս. Զոլ յանն ասաց.
«Ճիշտ եք նկատում: Տրամադրությունս հոռետեսական է դարձել, քանի որ այն, ինչ անվանում էին թավշյա հեղափոխություն, կարծես թե փոխել է իր նպատակը և հիմնական գործը դարձել է պայքարը հակահեղափոխության դեմ: Եվ այստեղից էլ սկսվում է սևերի և սպիտակների տարանջատումը, բարիկադների գաղափարները և մնացյալը: Դրա տրամաբանական ավարտը սևերի ոչնչացումն է: Ես կարծում եմ, որ դա միգուցե փորձի բացակայությունից է, բայց իրականում այն համերաշխության, սիրո և հանդուրժողականության մթնոլորտը հիմա չկա և ամեն ինչ տանում է առճակատման, ոչ թե համերաշխության: Դրա հանգուցալուծումը հետևյալն է՝ կա՛մ մենք պետք է հետքայլ անենք՝ հասկանալու համար ինչ է տեղի ունեցել և գնահատել, թե արժե՞ր արդյոք այդ ճանապարհով գնալ, կա՛մ պետք է առաջ գնանք, որն ակնհայտ առճակատման ճանապարհն է»,– ասաց Ս. Զոլյանը:


Նման նյութեր