Հայաստանը և Չինաստանը ստորագրել են օդային հաղորդակցությունների մասին համաձայնագիր
Advertisement 1000 x 90

Հայաստանը և Չինաստանը ստորագրել են օդային հաղորդակցությունների մասին համաձայնագիր

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիական ավիացիայի վարչակազմի հրավերով սեպտեմբերի 15–ին Չինաստանի Գուանճոու քաղաք է ժամանել ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը՝ «Աշխարհի ուղիներ 2018» (World Routes) միջոցառմանը մասնակցելու նպատակով: Ւնչպես հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, միջոցառմանը մասնակցում են աշխարհի տարբեր երկրների ավիաընկրությունների և օդանավակայանների ներկայացուցիչներ և ղեկավարներ։

Սեպտեմբերի 16-ին Տաթևիկ Ռևազյանը մասնակցել է  «Աշխարհի ուղիներ 2018» բացման արարողությանը, ապա կարճ հանդիպում ունեցել ՉԺՀ քաղաքացիական ավիացիայի վարչակազմի ղեկավարի տեղակալ Վան Ճիցինգի հետ, որից հետո ստորագրվել է  «Չինաստանի ժողովրդական Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագիրը։

Հանդիպմանը կողմերը կարծիք են հայտնել, որ այս համաձայնագիրն իրավական հիմք կհանդիսանա երկու երկրների միջև օդային ուղիղ հաղորդակցության համար, ինչն ավելի կամրապնդի և կզարգացնի երկկողմ հարաբերությունները տարբեր ոլորտներում։

ՉԺՀ այցի ընթացքում նախատեսվում են նաև հանդիպումներ չինական ավիակընկերությունների ղեկավարությունների հետ՝ Չինաստանից դեպի Հայաստան ուղիղ չվերթի բացման հնարավորությունները քննարկելու նպատակով:



Նման նյութեր