Հայաստանի նախագահի կինը` Նունե Սարգսյանը, գիտակցում է իր բարձր կարգավիճակի ողջ պատասխանատվությունը, սակայն միևնույն ժամանակ չի մոռանում ընտանիքի և իր հետաքրքրությունների մասին:
Ամուսիններ Արմեն և Նունե Սարգսյանները միասին են արդեն 40 տարի: Հայաստանի նախագահի կինը ղազախական հեռուստաալիքի «The Էֆիր» ծրագրի եթերում պատմել է ընտանեկան կյանքի, ավանդույթների և իր հետաքրքրությունների մասին։ Այս մասին հաղորդում է Tengrinews.kz–ն։
«Նախագահի կին լինելը մեծ պատասխանատվություն է։ Ամբողջ երկիրն ու ողջ մեր մշակույթն եմ ներկայացնում։ Սկսած զգեստից, սանրվածքից, խոսքից` ինչ եմ խոսում և ինչի մասին։ Եվ վերջացրած նրանով, թե ում հետ եմ հանդիպում»,- ընդգծել է նա։
Սարգսյանի կինը բավական շփվող մարդ է, նա հեշտությամբ կարողանում է զրույց վարել և՛ թագուհու, և՛ խոհարարուհու հետ։
«Վերջերս թագուհի Եղիսաբեթ II-ի հետ զրուցում էինք տան և շների մասին։ Նա նույնպես շներ է սիրում։ Պետք է հասարակ և բնական լինել։ Ես չեմ փորձում այլ կերպ ներկայանալ։ Միշտ ձգտում եմ լինել այնպիսին, ինչպիսին կամ, դասական ոճ ունեմ»,- խոստովանել է ՀՀ նախագահի կինը։
Նունե Սարգսյանը պատմել է, որ այս տարի լրանում է իրենց ամուսնության 40-ամյակը։ Նա հիշում է, որ դպրոցում ամուսինը գերազանցիկ է եղել, և դա վանում էր իրեն։ Այնուամենայնիվ, քաղաքական գործչի կինը նրան լավ ամուսին, հայր և պապիկ է համարում։
«Երեխաները պաշտում են նրան։ Նա երես է տալիս նրանց, քանի որ քիչ է տեսնում»,- նշել է նախագահի կինը։
Նունեն ևս սիրում է ժամանակ անցկացնել երեխաների հետ։ Այժմ նա թոռնուհու հետ միասին հեքիաթներ է գրում։ Տատիկն ու Սովաննա Սարգսյանը հեքիաթ են հորինել կապույտ գետաձիու և վարդագույն մկան մասին։ Փոքրիկը նաև նկարազարդման հեղինակն է դարձել։
«Իմ հեքիաթներում բոլոր վիշապները, վհուկներն ու թզուկները շատ բարի են»,- ասել է նախագահի կինը։
Սարգսյանների ընտանիքում պահպանում են ավանդույթները։ Միասին տոնում են Ամանորն ու Սուրբ ծնունդը, Զատկի տոնին թոռների հետ ձու են ներկում։ Նույնիսկ ամերիկացի հարսն այնքան է սիրում հայկական մշակույթը, որ ոչ միայն լեզուն է սովորում, այլև երեխաներին ստիպում է ուսումնասիրել հայկական երգն ու պարը։
Նա կարծում է, որ հայերը տարբերվում են իրենց նպատակասլացությամբ և համառությամբ, ինչի շնորհիվ էլ հաջողության են հասնում։ Տիկին Նունեն օրինակ է բերում մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրին, հայտնի երգչուհի Շերին և նույնիսկ Քիմ Քարդաշյանին։
«Նա ինձ դուր է գալիս, ոչնչից շոու է սարքում։ Նա լավ հասկանում է PR-ից և գիտի, երբ և ինչ անել։ Դրա համար ես հարգում եմ նրան», – ընդգծել է Սարգսյանը։
Նախագահի կինը խոստովանել է, որ ինքն էլ ժամանակին երազում էր դերասանուհի դառնալու մասին, սակայն դրա ժամանակը չուներ, քանի որ զբաղված էր ուսմամբ։ Այսօր նա զբաղվում է սպորտով, պիլատես է ուսումնասիրում, սիրում է պինգ-պոնգ և թենիս խաղալ։ Բացի այդ, նա նաև նկարում է. Լոնդոնում վերջերս բացվել է Նունե Սարգսյանի առաջին ցուցահանդեսը։