«Պետության հզորության, էյֆորիայի և նման ոչ կարևոր բաների մասին». Արա Պապյան
Advertisement 1000 x 90

«Պետության հզորության, էյֆորիայի և նման ոչ կարևոր բաների մասին». Արա Պապյան

Արա Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ներկայումս երբեմն տարբեր բանավեճերի եմ ներկա լինում, որոնց քննարկման առարկան հետևյալն է՝ «իսկ արդյոք հետահեղափոխական Հայաստանն ավելի՞ ուժեղ է, քան նախահեղափոխականը: Ի վերջո, շատ բան չի փոխվել՝ միայն հեղափոխական էյֆորիա է»:

Մի կողմ եմ թողնում «հեղափոխություն- մասնակի իշխանափոխություն» և «շատ բան չի փոխվել» մոտեցումների քննարկումները, քանի որ այդ ձևակերպումների քննությունը դուրս է սույն վերլուծության շրջանակից: Կանդրադառնամ միայն մի հարցի՝ ենթադրենք երկրում ամեն ինչ նույնն է (որն իհարկե այդպես չէ)՝ պարզապես փոխվել է միայն իրավիճակի հասարակական ընկալումը: Արդյոք հասարակության ԶՈՒՏ տրամադրվածության փոփոխությունը կարո՞ղ է ազդել պետության, գիտականորեն ասած, իմացական՝ ընկալվող, հաշվարկվող, հզորության վրա՝ Pp – Perceived power . (Իմացական հզորություն)

Պետության հզորության պարզ հաշվարկով որոշելու հարցը՝ գործնական հարց է: Նման բանաձևի մշակումը շատ մտքեր է հուզել: Ներկայումս լայնորեն ճանաչված է ԱՄՆ Կենտրոնական հետախուզության (Central Intelligence Service) նախկին վերլուծաբան և Ջորջթաուն համալսարանի (Georgetown University) նախկին պրոֆեսոր, Ռայ Քլայնի (Ray S. Cline) հետևյալ բանաձևը.
Pp = (C+E+M) × (S+W)

Այս բանաձևում. Pp (Perceived power) իմացական հզորությունն է, C (Critical mass: population + territory)՝ որոշիչ զանգվածը. բնակչությունը + տարածքը, E (Economic capability)՝ տնտեսական կարողությունը, M (Military capability)՝ ռազմական կարողությունը, S (Strategic purpose)՝ հեռագնա (ստրատեգիական) նպատակը, W (Will to pursue national strategy)՝ ազգային ստրատեգիական (հեռագնա) նպատակը հետամտելու կամքը:

Բանաձևից ակնհայտ է, որ պետության հզորությունը որքան որ պայմանավորված է բնակչությամբ, տարածքով, տնտեսական և ռազմական հզորությամբ, նույնքան էլ պայմանավորված է ստրատեգիական նպատակի առկայությամբ և դրան հասնելու պետական և հանրային կամքով, նպատակամղվածությամբ:

Պետության հզորությունը որոշակի ցուցանիշների սոսկական հանրագումար չէ, այլ շոշափելի, նյութական ցուցանիշների բազմապատկումն է՝ նպատակի և նպատակամղվածության գումարի ցուցանիշով: Անկախ տարածքի, բնակչության, տնտեսական և ռազմական հզորությունից, եթե պետությունը չունի նպատակ, հետևաբար և դրան հասնելու կամք, պետության հզորությունը ոչինչ է, քանի որ հայտնի է. ցանկացած թիվ զրոյով բազմապատկելիս արդյունքում զրո է ստացվում:

Ավելի հասկանալի լինելու համար խոսենք թվերով: Պարզության համար ենթադրենք, որ բանաձևի միջի թվանշաններից յուրաքանչյուր ոչ վաղ անցյալում հավասար էր մեկ միավորի: Այդ դեպքում ունենում ենք հետևյալը.

Pp= (1+1+1) x (1+1)= 3×2=6

Այսինքն, պետության, տվյալ դեպքում Հայաստանի Հանրապետության, իմացական հզորությունը վեց միավոր էր: Ենթադրենք, որ, այսպես ասած, հեղափոխությունից հետո առաջին փակագծի միջի միավորներից որևէ մեկը չի փոխվել: Ենթադրենք նաև, որ չի փոխվել երկրոդ փակագծի միջի ստրատեգիական նպատակը, այլ պարզապես ժողովուրդը հայտնվել է էյֆորիայի մեջ, գիտականորեն և բանաձևի բառամթերքով ասած,՝ փոխվել է միայն W-ն (Will to pursue national strategy), այն է ազգային ստրատեգիական (հեռագնա) նպատակը հետամտելու պետական և հասարակական կամքը: Այն կրկնապատկվել է: Այդ դեպքում ունենում ենք հետևյալը.
Pp= (1+1+1) x (1+2)= 3×3=9

Այսինքն, միայն հասարակական տրամադրության փոփոխության շնորհիվ, ըստ ոմանց էյֆորիայի մեջ ընկնելու, մենք ունենում են Հայաստանի Հանրապետության հզորության 50% (հիսուն տոկոսանոց) աճ: Սա բացառիկ ցուցանիշ է:

Այնպես որ՝ պետք չէ անտեսել հասարակական տրամադրոթյան փոփոխությունը: Այն շատ շոշափելի, հաշվարկելի գործոն է, որն ունակ է զգալապես բարձրացնել և բարձրացրել է Հայաստանի Հանրապետության հզորության ցուցանիշը»:

Արա Պապյան, Երևան, 23.09.2018թ.



Նման նյութեր