Ժամը 13:43-ի դրությամբ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում գրանցվել է 75 խախտում և 11 միջադեպ, այս մասին հայտնում է Transparency.am կայքը:
Վերջին խախտումները գրանցվել են միևնույն՝ Նորք Մարաշի 9/6 ընտրատեղամասում:
Խախտումներից մեկը վերաբերում է տեխնիկական սարքի խափանման հետ կապված միջադեպը: Տեխնիկական սարքավորման միջոցով գրանցված ընտրողների բացակայությունը հավաստող տեղեկանքը տպվել է միայն այն ժամանակ, երբ ներկայացել է առաջին ընտրողը, իսկ տեղեկանքը տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում սոսնձվել է ավելի ուշ:
Մյուս դեպքում խախտվել է ընտրողներին օգնելու կարգը:
Մասնավորապես՝ տատիկն իր թոռան հետ առանց տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում գրառում կատարելու, քվեախցիկում կատարել են ընտրություն:
Խնդրին արձագանքել է նաև «Իմ Քայլը» դաշինքի վստահված անձը, որի արդյունքում Բարգավաճ Հայաստան կուսակցության վստահված անձի և Իմ քայլը դաշինքի վստահված անձի միջև վիճաբանություն է տեղի ունեցել: Միայն քվեախցիկից դուրս գալուց հետո համապատասխան գրառում է կատարվել տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում, իսկ Բարգավաճ Հայաստան կուսակցության վստահված անձը շարունակել է ուղղորդել ընտրողներին՝ ցուցումներ տալով նրանց:
Անձն իրավունք ունի օգնելու քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող միայն մեկ ընտրողի: Բացի նշված դեպքից, քվեաթերթիկը լրացնելիս քվեարկության խցիկում այլ անձի ներկայությունն արգելվում է։ Քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող ընտրողին օգնող անձի տվյալները գրառվում են տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում: