Սեպտեմբերի 24-ին Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Մուրադյանը, բուհի անձնակազմը և ուսանողները հանդիպում ունեցան Գերմանիայի Մութեզիուսի կերպարվեստի և դիզայնի համալսարանի պատվիրակության հետ՝ ի դեմս հայտնի կինոռեժիսոր պրոֆեսոր Ստեֆան Զաքսի, դասախոս Գոռ Մարգարյանի և ուսանողների: Հանդիպման ընթացքում խոսվեց երկու բուհերի ուսանողների կողմից համատեղ ֆիլմ նկարահանելու մասին:
Քննարկվեցին նաև համագործակցության համաձայնագրի ստորագրման և հատկապես՝ ուսանողների փոխանակման ծրագրերի իրականացման նախադրյալները: Գերմանիայից ժամանած ուսանողները անհամբերությամբ էին սպասում մեզ հետ աշխատելուն և մեծ հետաքրքրություն հայտնեցին բուհի նկատմամբ: Միջոցառումի ավարտից հետո հյուրերը շրջեցին բուհով՝ ծանոթանալով ուսանողների աշխատանքներին և դասապրոցեսին: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ուսանողական ֆիլմերի ցուցադրություն և քննարկում՝ ԵԹԿՊԻ-ի Անրի Վերնոյ սրահում՝ սեպտեմբերի 25-ին, ժամը 12:00-ին և սեպտեմբերի 28-ին, ժամը 19:00-ին՝ Ստեֆան Զաքսի «Թարգմանելով կապույտը» ֆիլմի ցուցադրությունը՝ Կինեմատոգրաֆիստների միությունում: ԵԹԿՊԻ-ի ուսանողներն ու անձնակազմը մեծ հետաքրքրություն ունեն միջոցառումների և սկսվող համագործակցության վերաբերյալ: