Փաստաբան Գևորգ Գյոզալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Տհաճ է, երբ անձինք հայհոյում են, առավել տհաճ է, երբ հայհոյում են ՀՀ նախագահներին։ Ի վերջո պետք է հասկանանք, որ նորանկախ Հայաստանի նախագահները արժանի են ՀԱՐԳԱԼԻՑ վերաբերունքի, մենք կարող ենք նրանց չսիրել, չհարգել, բայց ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆՔ նրանց նկատմամբ դրսևորել ՀԱՐԳԱԼԻՑ վերաբերմունք։
Ասածս չի վերաբերում նրանց քննադատելուն։ ՀՀ անցած բոլոր երեք նախագահներն էլ ունեցել են թե ձեռքբերումներ թե տապալումներ և այս ամենով հանդերձ նրանք հանդիսացել են ՀՀ նախագահներ և համոզված եմ հեռու պատմության էջերում նրանք կներկայանան ավելի շատ դրական լույսով, քան բացասական։
Եթե նրանցից որևէ մեկը հանագործություն է կատարել, ապա թող նա կանգնի արդար դատարանի առջև և թող նրան մեղադրողները ապացուցեն նրա մեղավորությունը և նա թող կրի իր պատիժը, բայց փողոցային մակարդակով նախագահներին հայհոյելը և անպարկեշտ խոսքեր ասելը, հավատացնում եմ ձեզ ցույց է տալիս, թե որքան դեռ մենք պետք է աշխատենք քաղաքակիրթ ժողովուրդ դառնալու համար։
Միայն խնդրում եմ ինձ ազատեք՝ «մենք կովկասցի ենք», «մենք հայ ենք ախպեր» և նմանատիպ այլ դատարկաբանություններից։ Ի դեպ, ես իրապես կուրախանամ այն օրը, երբ ՀՀ բոլոր նախագահները միասին կնշեն անկախության օրը․․․»: