Երեք շնորհալի երիտասարդներից կազմված և փոփ, սոֆթ, ռոք ժանրում ստեղծագործող «ԴԵՏՔ» խումբը երաժշտասերների դատին է հանձնել անգլալեզու «Peace song» (Խաղաղության երգ) գործի հիման վրա արված հոլովակը:
Խմբի պրոդյուսեր Արման Ամպը նշեց, որ երգի և հոլովակի մտահաղացումը խմբի տղաներինն է:
«Նրանք 2016-2018 թվականներին պարտադիր ժամկետային զինծառայողներ էին: Հենց այդ տարիներին տղաները` Միքայել Մելքումյանը, Արման Պետրոսյանը, Վահան Կիրակոսյանը հասկացան խաղաղության արժեքը, և այն արտահայտվեց նաև այս երգով։ Ստեղծագործությունը տեղ գտավ «ԴԵՏՔ»-ի առաջին՝ «Դիտակետ 21» ձայնասկավառակում: Ինչպես խմբի Վահանն է ասում, սա խմբի խաղաղության հիմնն է»,- նշեց պրոդյուսերը:
Տեսահոլովակը հիմնված է վավերագրական նյութերի վրա: Արման Ամպի խոսքով` ներառվել են աշխարհաքաղաքական իրադարձությունների վերջին 100-ամյակի ամենադաժան օրերի վավերագրական կադրերը, որոնք ապացուցում են, որ աշխարհը պատմությունից դասեր չի քաղել:
«Peace song»-ի երաժշտության հեղինակը Արմանն է, իսկ տեքստը գրել է Վահանը։
«ԴԵՏՔ» խումբը ստեղծվել է 2015 թվականին պրոդյուսեր Արման Ամպի կողմից: Խումբը 2017-ին «Ծիծեռնակ» ազգային երաժշտական մրցանակաբաշխությունում ճանաչվել է որպես Հայաստանում 2016 թվականի լավագույն փոփ խումբ։