Ոմանց համար պարային բարձր երաժշտությունը հանգստի և զվարճանքի ձև է, ոմանց համար էլ` պայմաններ, որոնցում ստիպված են աշխատել ամեն օր։ Ժամանցային վայրերի հավաքարարները պատմել են իրենց աշխատանքի առանձնահատկության և ժամանակակից երիտասարդության մասին։
Գեղեցիկ գունային լուսավորություն, բարձր միացրած երաժշտություն, շուրջբոլորն ալկոհոլի հոտ` երիտասարդները զվարճանում են։ Առանձնակի ուրախությամբ պարում և խմում են շաբաթվա ավարտից հետո. աշխատավարձը (որը կարելի է վատնել աշխատանքային ամենօրյա եռուզեռը որոշ չափով մոռացության տալու համար) երիտասարդներն ընկալում են որպես բարոյական փոխհատուցում աշխատանքի դիմաց։
Ակումբում աղմկոտ երիտասարդությունից բացի ժամանակ առ ժամանակ մի կին է հայտնվում, հավաքում է այցելուների հետևից և արագ հեռանում։ Նա գնում է իր համար նախատեսված անկյունը, որտեղ հանգիստ նստած գործում է։
– Վաու։ Գործում եք, չնայած այս աղմուկին,–զարմացած ասում եմ ես` նրա ձեռքում նարնջագույն թելեր տեսնելով։
– Դե, ի՞նչ կա որ։ Թոռնիկիս համար շարֆ եմ գործում, հետո նույնից կգործեմ, բայց մուգ երանգի` ինձ համար, չէ՞ որ շուտով ձմեռ է,- ասում է նա` ժպտալով։
– Ձեզ չի՞ խանգարում այս աղմուկը։ Դո՞ւր է գալիս այստեղ աշխատելը։
– Երևանում առանձնակի ընտրություն չունեմ։ Կա՛մ հավաքարար պետք է աշխատեմ, կա՛մ` դայակ։ Իսկ երեխաների հետ աշխատելուց հոգնել եմ, ավելի լավ է հավաքարարություն անեմ,- ասում է երեք երեխա և 8 թոռ ունեցող տատիկը։
Ժամանակին Ռայան, այդպես է մեր նոր ծանոթի անունը, հավաքարար էր աշխատում հեռուստաընկերություններից մեկում։ Այն ժամանակ առաջինն էր բոլոր նորություններն իմանում, գիտեր թափուր տեղերի մասին։
«Թոռնիկներիցս մեկին այնքան էի ստուդիա տանում, որ արդյունքում նա որոշեց լրագրող դառնալ։ Այնուհետև սկսեց աշխատել նույն հեռուստաալիքում։ Արդեն հաջողությունների է հասել և ինքն է ինձ նորությունները պատմում»,- անկեղծանում է կինը։
Հեռուստաընկերության համեմատ, գիշերային ակումբում ավելի աղմկոտ է, սակայն աշխատելն այստեղ, որքան էլ տարօրինակ է, ավելի հանգիստ է։ Ռայային բոլորն այստեղ հարգանքով են վերաբերվում։ Բարմեններն ու մատուցողուհիները կարծես նրա երեխաները լինեն, իսկ գլխավոր մենեջերը հաճախ աշխատանքից հետո իր մեքենայով նրան տուն է ուղեկցում։
Հարգանք է վայելում նաև մեր մյուս հերոսուհին` Աստղիկը (անունը փոխած է)։ Պատմում է, երբ նրան առաջին անգամ աշխատանք առաջարկեցին գիշերային ակումբում, նա վախեցավ, քանի որ իր պատկերացմամբ գիշերային ակումբը ստրիպտիզ բարի նման մի բան է։ Սակայն հաստատությունը, չնայած անդադար հնչող բարձր երաժշտությանը, բավականին արժանավայել էր. հիմնականում այստեղ ուսանողներ են գալիս որևէ մեկի ծննդյան տոնը նշելու կամ պարզապես զվարճանալու համար։ Աստղիկի պարտականությունների մեջ է մտնում յուրաքանչյուր 15 րոպեն մեկ շրջելը, դահլիճի, խոհանոցի և զուգարանի մաքրությանը հետևելը։
«Աշխատանք է, այն պարտադիր չէ սիրել։ Սակայն լինում են օրեր, երբ ուրախ եմ տուն վերադառնում»,- խոստովանում է կինը։
Երբեմն այցելուները նրան հաճելիորեն զարմացնում են։ Նա մի դեպք է պատմում, երբ 20-25 տարեկան մի աղջիկ հանկարծակի կեղտոտել էր հատակը և ուզում էր անձամբ մաքրել։
«Նա փորձում էր շորն իմ ձեռքից վերցնել` ասելով, որ ես նրա տատիկի տարիքին եմ, և նա նման բան թույլ չի տա»,- անկեղծանում է Աստղիկը։
Կնոջ համար երիտասարդների հետ աշխատելը նորություն չէ, դեռ խորհրդային տարիներին նա մի քանի տարի դասավանդել է համալսարանում, այդ պատճառով էլ հանդուրժողականությամբ է վերաբերվում երիտասարդների աղմուկին։ Ասում է, որ կյանքն առանց այդ էլ դժվար է, թող երիտասարդները զվարճանան։
«Մենք ժամանակին նույնպես պարահրապարակներ էինք գնում, զվարճանում էինք և մեծահասակներին ուշադրություն չէինք դարձնում։ Մարդն ինքը պետք է սովորի սեփական սխալների վրա։ Բոլոր այդ պարերը շուտով կավարտվեն, թող ուրախանան, քանի հնարավորություն կա», – կարծում է Աստղիկը։
Երևանում գիշերային ակումբների թիվն այդքան էլ մեծ չէ, հիմնականում դրանք բաց են մինչև գիշերվա 12-ը։ Միայն մի քանիսն են աշխատում մինչև գիշերվա 3-4–ը, այն էլ միայն տոն օրերին։ Հավաքարարների աշխատավարձը նման հաստատություններում մի փոքր բարձր է, ի տարբերություն ցերեկային սրճարաններում աշխատող հավաքարարների։ Աշխատավարձից բացի, հավաքարարները հնարավորություն ունեն ակումբում անվճար սնվելու, իսկ գիշերը նրանց վճարում են տաքսիով տուն հասնելու համար։ Այնպես որ, նյութական առումով աշխատանքը տանելի է, իսկ ուրախանալ զվարճացող երիտասարդներին տեսնելով, թե՞ բարկանալ նրանց աղմկոտ պահվածքից` յուրաքանչյուրն ինքն է իր համար որոշում։