Վանեցյանների ահռելի կարողությունը և օֆշորային ընկերությունները. politik.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Վանեցյանների ահռելի կարողությունը և օֆշորային ընկերությունները. politik.am

ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանը հաճախ է խոսում նախկին պաշտոնյաների և նրանց ընտանիքի անդամներին պատկանող բիզնեսներից, որոնք պետք է ստուգվեն ու պետք է պարզվի, թե այդ բիզնեսները արդյոք կապ ունեն նախկին իշխանությունների անօրինական գործունեության հետ:

Չնայած Վանեցյանի այս նվիրական գաղափարներին, պարզվում է` նրա ընտանիքը ևս ունի բիզնեսներ, որոնց առաջընթացը և ծաղկումը կապված է նախկին իշխանությունների հետ:

Ամիսներ առաջ «Հետք» էլեկտրոնային պարբերականը հրապարակել էր մի հոդված, որում ներկայացվում էին Վանեցյանի և նրա ընտանիքի անդամներին պատկանող բիզնեսները:

«Հետք» պարբերականի այդ հոդվածից որոշակի փաստեր կներկայացնենք մեր ընթերցողներին:

Արթուր Վանեցյանի պաշտոնյա մայրը

61-ամյա Մարգարիտ Ազարյանը 2002-2011 թթ. եղել է քաղծառայության խորհրդի անդամ: 2011-ին նշանակվել է ՀՀ նախագահի աշխատակազմի կադրերի վարչության պետ:

2017-ի սեպտեմբերին Մ. Ազարյանը ներկայացրել է պաշտոնի ստանձնման հայտարարագիր:

Ազարյանը հայտարարագրել է մեկական բնակարան, անհատական բնակելի տուն և հողամաս: Շարժական գույք, արժեթղթեր կամ ներդրումներ, 8 մլն դրամը գերազանցող թանկարժեք գույք չի նշել:

Փոխարենը, նախագահականի աշխատակիցն անցյալ տարվա սեպտեմբերի դրությամբ ունեցել է 25 մլն դրամ և 15 հազ. դոլար: 2017-ի հունվար-հուլիս ամիսների համար հայտարարագրել է շուրջ 3,6 մլն դրամ աշխատավարձ, ինչպես նաև քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացած 476 հազ. դրամ եկամուտ:

Ի դեպ պետք է նկատել, որ հեղափոխությունից հետո Վանեցյանի մայրը` Մարգարիտ Ազարյանը նշանակվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունում՝ որպես կադրերի բաժնի պետ: Նույն պաշտոնը, ինչ Սերժ Սարգսյանի աշխատակազմում:

Արթուր Վանեցյանի գործարար հայրը

Մարգարիտ Ազարյանի հետ այս տարվա մարտին 2017-ի գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիր է ներկայացրել նաև ամուսինը՝ Գագիկ Լիպարիտի Վանեցյանը:

Վերջինիս համար անցյալ տարին գործարքների առումով բավական բեղուն է եղել: ԱԱԾ տնօրենի հայրը գնել է 2 հատ անհատական բնակելի տուն՝ 48 մլն և 198 մլն դրամ արժեքներով: Գ. Վանեցյանը 22 մլն դրամով գնել է նաև «Mercedez-Benz C200» մակնիշի ավտոմեքենա:

Ըստ էության, վերոնշյալ գործարքներով պայմանավորված, տարվա սկզբին նրա ունեցած 420 մլն դրամը տարեվերջին դարձել է 372 մլն: Սակայն Գ. Վանեցյանը աշխատում է և եկամուտ ստանում: 2017-ին նրա աշխատավարձը կազմել է 1,2 մլն դրամ, որից բացի ստացել է նաև շահաբաժին՝ 474 մլն դրամի չափով:

Գագիկ Վանեցյանը մասնաբաժիններ ունի նաև մի շարք ընկերություններում: «Ավ Գրուպ» ՍՊԸ-ն 100 տոկոս բաժնեմասով պատկանում է Գագիկ Վանեցյանին: «Ավ Գրուպ» ՍՊԸ-ն մեկն է այն ընկերություններից, որոնք Հայաստան ծաղկեփունջ, ծաղիկներ, կոկոններ ու դեկորատիվ կանաչ են ներմուծում: Այս ընկերությունը Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին բազմաթիվ պետական պատվերներ է ստացել:

Ավելի վաղ՝ 2008-ի հուլիսին, Գ. Վանեցյանն իր բնակության հասցեում գրանցել էր նաև «Վան Օյլ Թրեյդ» ՍՊԸ-ն, որի գործունեությունն այժմ, ըստ ՊԵԿ-ի, ժամանակավոր դադարեցված է:  Այս ընկերությամբ նա զբաղվել է դիզվառելիքի ներկրմամբ:

Գագիկ Վանեցյանին է պատկանում «Էյ Բի Տրանս» ՍՊԸ բաժնետոմսերի 60 տոկոսը:  Երևանի Արցախի փողոցում գրանցված, 100.000 դրամ կապիտալով «Էյ Բի Էքսպորտ» ՍՊԸ-ն, ըստ ՊԵԿ-ի, զբաղվում է դիզելային վառելիքի մեծածախ առևտրով: Անցյալ տարվա հոկտեմբերին aysor.am-ի հարցմանն ի պատասխան ՊԵԿ-ը ներկայացրել է Հայաստան վառելիք ներկրող հիմնական 4 կազմակերպություններին, որոնցից մեկը «Էյ Բի Էքսպորտ» ՍՊԸ-ն է (մյուսներն են «CPS», «Ֆլեշ» և «Մաքս պետրոլ» ընկերությունները):

Այստեղ հետաքրքիր է իմանալ, թե Սերժ Սարգսյանի իշխանության տարիրներին ինչպես է կարողացել Արթուր Վանեցյանի հոր ընկերությունը բենզին ներկրող չորս ընկերություններից մեկը լինել, եթե հավատանք իհարկե այն պնդումներին, որ Վանեցյան ընտանիքը փոխկապակցված չի եղել Սերժ Սարգսյանի իշխանության հետ:

Պետք է հիշել նաև, որ բենզինի շուկան Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին մոնոպոլ էր և բենզին կարողանում էին ներկրել միայն այն գործարարները, որոնք ընկերական հարաբերություններ ունեին Սերժ Սարգսյանի հետ:

Արթուր Վանեցյանի կինը ևս գործարար է: Նոնա Վանեցյանը անցյալ տարի Երևանի Դեմիրճյան 62 հասցեում բացել է «Վիլլա Մոնտեսսորի» կենտրոնը: Դեմիրճյան 62 հասցեն, ինչպես տեղեկանում ենք կադաստրի պետական կոմիտեից, ներառում է 3 միավոր շենք-շինություն, այդ թվում՝ բնակելի տուն և ավտոտնակ: Այս ամենի սեփականատերը, ԱԱԾ տնօրենի հայրն է՝ Գագիկ Վանեցյանը, սակայն շենքը անհատույց օգտագործման է հանձնված Նոնա Վանեցյանի «Յանգ ուսումնական կենտրոն» ՍՊԸ-ին:

politik.am