Չինացի աբստրակցիոնիստ-նկարիչ Չժաո Ուցզիի (1920-2013 թթ.) վրձնին պատկանող աշխատանքը Հոնկոնգի աճուրդում վաճառվել է ռեկորդային 65,2 մլն դոլարով: Այդ մասին հայտնել են Sotheby՚s-ում սեպտեմբերի 30-ի երեկոյան անցկացված աճուրդի կազմակերպիչները:
Սա ռեկորդային արժեք է ասիացի գեղանկարիչների՝ յուղաներկով արված ստեղծագործությունների շարքում: Խոսքը «Հունիս-հոկտեմբեր 1985» անվանումը կրող խոշոր եռածալիկ-կտավի մասին է, որն ստեղծվել է այդ ժամանակաշրջանում: 10 մետր երկարություն և 2,8 մետր լայնություն ունեցող այս աշխատանքը Սինգապուրում ժամանակին զարդարել է Raffles City համալիրի գլխավոր շենքի լոբբին: Կտավի վրա բնապատկերն արված է նարնջա-մանուշակագույն երանգներով, դրանում արտացոլված է ոչ թե ավանդական ոճը, այլ, ավելի շուտ, արևմտյան աբստրակցիոնիզմի ոգին:
Նման խառնուրդը վաղուց էր դարձել վարպետի ստեղծագործելու ֆիրմային եղանակը: Լոտի նախնական կարգով գնահատված էր 45 մլն դոլար, սակայն աճուրդի ընթացքում գինն զգալիորեն բարձրացել է: Գնորդի անունը չի բացահայտվում: