Շառլ Ազնավուրը, որը վճարել էր բոլոր երևանցիների հոսանքի վարձը, Շառլ Ազնավուրը, որն ամբողջ աշխարհը ոտքի հանեց Հայաստանի համար, Շառլ Ազնավուրը, միակ դեսպանն աշխարհում, որին օդանավակայանում դիմավորեց երկրի արտաքին գործերի նախարարը: Իր տեսած Շառլին ներկայացնում է Spitnik Արմենիայի սյունակագիր Սերգեյ Բաբլումյանը:
Չիկագո։ «Սայաթ–Նովա» ռեստորան: Լճի վրա բացվող տեսարանով պատշգամբ։ Սեղանակիցը` տարեց իսպանացին, հետաքրքրվում է, թե մենք ինչ լեզվով ենք խոսում։
– Մենք հայ ենք, – բացատրում եմ հարևանին։
Հարևանը շփոթված ժպտում է։
– Սևանը, – լճին ցույց տալով` ասում է կինս։
Հարևանը շարունակում է ժպտալ։
– Կոնյակ, – հիշում եմ ես։
Ազգային ինքնության հարցը դեռ չէր պարզվել։
– Ազնավուր, – ավագ թոռս գտավ՝ ինչ ասի։
– Օ, Ազնավուր, – ուրախությամբ բացականչեց իսպանացին և բարձրացրեց գինու գավաթը։
… Երևան, 90–ականներ։ Գնում եմ փոստ` կոմունալ ծառայությունների համար վճարելու։
–Լույսի համար պետք չէ, վճարված է, – ասում է աշխատողը։
– Այսինքն, ո՞վ է վճարել։
–Ազնավուրը, – բացատրում է կինը։
Երևում է, արդեն շատերին էր բացատրել մինչև ինձ և հաճույքով էլի էր անում դա։
Այդ մղձավանջային տարվա ծանր ամսին Շառլ Ազնավուրը վճարել էր բոլոր երևանցիների հաշիվները։ Ցուրտ քաղաքը, թվում էր, որ միայն լուսավորվել է, այլ նաև ջերմացել։
1989թ.` Սպիտակի երկրաշարժից հետո առաջին տարին։ Շառլ Ազնավուրը Ժորժ Կառվարենցի հետ գրում է «Pour toi Arménie» երգը («Քեզ համար, Հայաստան»)։ Երգը կատարեցին ֆրանսիացի լավագույն երգիչները. այն 10 շաբաթվա ընթացքում ամենահաճախն է հնչել մյուս բոլոր երգերից և գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում։
2009թ.։ Ազնավուրը դառնում է Շվեյցարիայում մեր դեսպանը։ Նա եղել է աշխարհում միակ դեսպանը, որին օդանավակայանում դիմավորել և ճանապարհել է արտգործնախարարը։
2009թ–ի մարտ. Մոսկվայի հայտնի Ռուբլովյան խճուղու «Բարվիխա» համերգասրահ։ Ազնավուրն արդեն այն տարիքում է, երբ չեն երգում։ Տոմսերի գինը չափազանց բարձր է, դահլիճը` լեփ–լեցուն, առավելապես հանդիսատեսով, որոնց տներ աստղերն իրենք են գնում երգելու։ «Ռուբլյովկա»… Ազնավուրը «կորպորատիվների» չի գնում։
Համերգի երկու մասերն անցնում են ակնթարթի պես. հետո՝ «բիս»։ Հանդիսատեսը չի խնայում Ազնավուրին, Ազնավուրը չի խնայում իրեն։
Հայտնի «Բոհեմը». դահլիճը ոտքի է կանգնում։
«Բոհեմ, բոհեմ,
Մենք երիտասարդ էինք ու խենթ,
Բոհեմ, բոհեմ,
Հիմա դա էլ ոչինչ չի նշանակում…»։
Անցավ հինգ, սկսվեց վեցերորդը, դահլիճը շարունակում է կանգնած ծափահարել, Ազնավուրը հոգնում է շնորհակալություն հայտնելուց և նրան բաց են թողնում։
… Հետո մի ուրիշ առիթով նա կասի։
«Հաջողությունը զարմանալի բան է։ Իմ գործի մեջ գլխավորը ոչ թե հաջողությունն է, այլ հանդիսատեսի նվիրվածությունը։ Նա ինձ բեմի վրա տեսնում է այնպիսին, ինչպիսին ես կյանքում եմ` սովորական մարդ»։
Սովորական մարդ լեգենդ, որը, ինչպես շատերին էր թվում, միշտ ապրելու է և որը յուրաքանչյուր հայի համար հարազատ է։ Շնորհակալություն երգերի, լույսի, ջերմության և ուղղակի նրա համար, որ դու կայիր մեր կյանքում, Շառլ Ազնավուր։
Ապրելու ենք և հիշելու։