Որպես հաջողության գրավական՝ տարբեր մարդիկ տարբեր հատկանիշներ և հանգամանքներ են նշում` խելացի լինելուց մինչև ճիշտ պահին ճիշտ վայրում հայտնվելը: Ընդհանրապես հաջողությունը որոշակի հատկանիշի կամ հանգամանքի հետ դժվար է կապել, բայց կան այնպիսիք, որոնք որոշիչ են: Ինձ համար դա համառությունն է:
Որպեսզի հասկանաք համառության ողջ ուժը, պատկերացրեք մի աշակերտի, ով տասը տարի մարտարվեստ է պարապում իր ուսուցչի մոտ, որպեսզի ինքը դառնա ուսուցիչ: Տասը տարի չհանձնվել, չհիասթափվել, տասը տարի մնալ աշակերտ. միայն սա կարող է աշակերտին ուսուցիչ դարձնել: Նույնը կատարվում է, երբ ուզում եք գիտնական դառնալ: Տարիներ շարունակ սովորում եք, փորձում, որոշ բաներ ստացվում է, որոշները` ոչ: Դուք տեսնում եք, թե ինչպես են ուրիշներն այլ` ավելի զվարճալի, հետաքրքիր թվացող կյանքով ապրում, ինչը երբեմն գրավում է ձեզ: Բայց դուք համառորեն շարունակում եք շարժվել այն ուղով, որն ընտրել եք, և դա դարձնում է ձեզ գիտնական:
Կարծում եմ՝ այս դեպքում նույնիսկ խելքն այնքան կարևոր չէ, քանի որ նույնիսկ անխելք համարվող մարդը եթե տասը տարի շարունակ համառորեն ինչ-որ բանով զբաղվի, որոշակի արդյունքների անպայման կհասնի:
Համառությունը տալիս է իր արդյունքները կյանքի տարբեր ոլորտներում: «Փախուստ Շոուշենկից» ֆիլմում հերոսը քսան տարի համառորեն փորում է, որպեսզի փախչի բանտից: Սիլվեստր Ստալոնեն տարիներ շարունակ սովի և աղքատության պայմաններում համառորեն փորձում է դերասանի աշխատանք գտնել, սցենարներ վաճառել, մինչև ծնվում է «Ռոկկին»: Մարզական կարևոր առաջնություններից առաջ մարզիկները համառորեն մարզվում են, նույնիսկ երբ հոգնած են լինում, նույնիսկ երբ շեղող հանգամանքներ կան, և դրա արդյունքում են նրանք հաղթում: Նույնիսկ եթե այս անգամ պարտվում են, կրկին համառության շնորհիվ նրանք մի օր հաղթող են դառնում:
Համառությունը բնավորության այն գիծն է, որը ես ընտրել եմ որպես գլխավոր շարժիչ ուժ: Դրա մասին գրել եմ «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքում՝ որպես բաղկացուցիչներից մեկը կամքի ուժի: Կան արդյունքներ, որոնց հասնում ենք գիտակցորեն, այսինքն՝ գիտակցումն այնքան ուժեղ է, որ մեզ առաջ է տանում: Սակայն ավելի հաճախ հանդիպում են դեպքեր, երբ միայն գիտակցելը քիչ է, որպես շարժիչ ուժ՝ այն թույլ է, և հենց այստեղ է պետք ցուցաբերել համառություն: Գիտակցության ազդեցությունն ուժեղ է որոշակի ժամանակահատվածում, բայց երբ այդ ընթացքում արդյունքներ չեն լինում, հաջորդում է հիասթափությունը: Համառությունը օգնում է անցնել հիասթափության միջով:
Համառությունը հրում է մարդուն իր կյանքի սարը բարձրանալիս ամեն անգամ, երբ գագաթը չի երևում, կամ երբ կեղծ գագաթի է հասնում:
Հատված «Փոխիր կյանքդ-2» գրքից: