Կառավարությունը հավանություն տվեց «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ նախագծի ընդունմամբ առաջարկվում է կառավարությանը լիազորել ըստ անհրաժեշտության աշխատանքային օրերը տեղափոխել նաև չորս և ավելի պետությունների կամ կառավարությունների ղեկավարների միաժամանակյա այցի դեպքում:
«Օրինագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովով, որին կմասնակցեն ավելի քան 40 երկրների ղեկավարներ: Գագաթաժողովի անցկացման օրերին Երևան քաղաքի տրանսպորտի երթևեկությունն արդյունավետ կազմակերպելու անհրաժեշտությունը՝ առաջարկվում է Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի օրերը՝ հոկտեմբերի 11-12-ը համարել ոչ աշխատանքային՝ փոխարինելով դրանք հաջորդող շաբաթ օրերով»,- ասաց Ավինյանը:
Օրինագծի առնչությամբ ծավալվեց մտքերի փոխանակություն, հնչեցին մի շարք դիտարկումներ, առաջարկություններ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ անհրաժեշտ է դրույթը առավել նպատակահարմար ձևակերպել և առաջարկեց «չորս և ավելի պետությունների կամ կառավարությունների ղեկավարների միաժամանակյա այցի դեպքում» նախադասությունը շարադրել հետևյալ կերպ՝ «բացառիկ նշանակության իրադարձությունների կապակցությամբ»: