Հարցումը Հռոմի պապի ժողովրդականության կտրուկ անկում է արձանագրել ԱՄՆ-ի կաթոլիկների շրջանում
Advertisement 1000 x 90

Հարցումը Հռոմի պապի ժողովրդականության կտրուկ անկում է արձանագրել ԱՄՆ-ի կաթոլիկների շրջանում

Վերջին երկու տարում ամերիկացիների շրջանում կտրուկ ընկել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի ժողովրդականությունը, որն այժմ նույն մակարդակի վրա է, ինչ և նրա նախորդինը՝ Բենեդիկտոս 16-րդինը գահից հրաժարվելուց առաջ: Այդ մասին վկայում են վաշինգտոնյան Pew Research Center-ի կողմից անցկացված հարցման արդյունքները:

Հարցման տվյալներով՝ ԱՄՆ-ի բնակչության մոտավորապես կեսը հավանություն է տալիս ներկայիս քահանայապետի գործողություններին: Սակայն այդ ցուցանիշը զգալիորեն իջել է 2015 թվականի սկզբի համեմատությամբ, երբ տասն ամերիկացիներից յոթը դրական գնահատական էր տալիս Սուրբ աթոռի ղեկավարին: Ընդսմին այժմ Ֆրանցիսկոսի ժողովրդականությունը նույն մակարդակի վրա է, ինչ և Բենեդիկտոս 16-րդինը, որին, Pew Research Center-ի տվյալներով, հավանությամբ էր վերաբերվում ամերիկացիների 49 տոկոսը 2013 թվականին գահից նրա հրաժարվելուց առաջ:

Սոցիոլոգները Հռոմի կաթոլիկ եկեղեցու ներկայիս ղեկավարի ժողովրդականության մակարդակի անկումը կապում են եկեղեցու բարձրագույն ղեկավարության կողմից մանկապիղծ հոգևորականների հանցագործությունների պարտակման խնդրի հետ: Այսպես, ամերիկացի կաթոլիկների ավելի քան երրորդ մասը «ցածր» գնահատական է տալիս այդ խնդրի լուծման ուղղությամբ Ֆրանցիսկոսի գործադրած ջանքերին, մինչդեռ 2015 թվականին այդ ցուցանիշը եռակի պակաս Էր:

ԱՄՆ-ում տասը կաթոլիկներից ընդամենը երեքն են այն կարծիքին, որ քահանայապետը «գերազանց» կամ «լավ» է գլուխ հանում ճգնաժամից: 2015 թվականին այդ ցուցանիշը 24 տոկոսային կետով ավելի բարձր էր, իսկ այս տարվա հունվարին՝ 14 տոկոսային կետով: Հետազոտողներն ընդգծում են, որ ամերիկացիները հիասթափված են նաև այլ հարցերի նկատմամբ քահանայապետի վերաբերմունքից, ներառյալ եպիսկոպոսների ու կարդինալների նշանակումը, աշխարհում կաթոլիկական հավատի տարածումը և «ավանդական բարոյական սկզբունքների» պաշտպանությունը: Սեպտեմբերի 18-ից մինչև 24-ն անցկացված հարցմանը մասնակցել են 1754 չափահաս ամերիկացիներ, որոնցից 336-ը հայտնել են, որ կաթոլիկներ են:



Նման նյութեր