Երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ Արա Գևորգյանը հայ մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան գիշերը գրել է «Մեր Շառլ» ստեղծագործությունը և այն նվիրել Ազնավուրի հիշատակին: Երգը կատարում է Մաշա Մնջոյանը: Երգի` Ազնավուրի լուսանկարների հիման վրա արված հոլովակը, արդեն հասանելի է համացանցում:
Արա Գևորգյանն ասաց, որ բոլորիս անունից է գրել այդ ստեղծագործությունը: «Բոլորիս անունից ասել եմ, որ շնորհակալ ենք Շառլ` մեր անունը բարձր պահելու համար: Պետք է խոստովանեմ, որ երգը գրելիս այնպես եմ լաց եղել, ինչպես իմ մոր հիշատակի ռեքվիեմը գրելիս. այդքան հարազատ էր Շառլը»,- նշեց երգահանը:
Արա Գևորգյանը հավելեց, որ Շառլ Ազնավուրը ամբողջ հայ ժողովրդի հպարտությունն էր, մեր անձնագիրն էր: «Ամեն տեղ Շառլ Ազնավուրի անունը տալով` բարձրաձայնում էինք մեր ազգային պատկանելությունը: Մենք հայ ենք Ազնավուրով, Արամ Խաչատրյանով, նրանց նման մեծություններով»,- շեշտեց նա:
Երաժիշտը ընդգծեց, որ Ազնավուրը բոլորիցս է հեռացել: «Թվում էր` նա երբեք չի մեռնի, թվում էր` մենք կգանք, կգնանք, իսկ Ազնավուրը` մեծ հայը, կշարունակի ապրել»,- եզրափակեց Արա Գևորգյանը: