Արդեն մի քանի օր է, ինչ ֆեյսբուքում տարածվում են Զորաց քարեր հուշարձանի տարածքում կատարվող ավերածությունների մասին վկայող լուսանկարներ. նախարարությունը պնդում է` դրանք հին են ու այլ վայրում նկարված:
Ակտիվիստների և Մշակույթի նախարարության ֆեյսբուքյան «փոխհրաձգությունը» չի դադարում. առաջինները նախարարությանը մեղադրում են անգործության ու մշակութային հուշարձաներն ավերելու մեջ, նախարարությունը` ապատեղեկատվություն տարածելու:
Բանն այն է, որ վերջին օրերին սոցիալական կայքերում լուրեր ու լուսանկարներ են տարածվել Սյունիքում գտնվող Զորաց քարեր պատմամշակութային արգելոց-թանգարանից, որտեղ երևում է, որ հուշարձանի քարերը տեղահանված ու տեղափոխված են, դրանց վրա կարմիր գույնով նշումներ են արված, և հուշարձանի տարածքում շինարարական տեխնիկա (վերամբարձ կռունկ) է աշխատում:
Ի պատասխան այս տեղեկությունների մշակույթի նախարարությունը ֆեյսբուքի էջում պարզաբանում էր տվել, որում մասնավորապես ասված է, որ սոցիալական ցանցում տարածված նկարը, որտեղ երևում է քարը դիտանցքից կապված պարանով տեղափոխող վերամբարձ կռունկը, արվել է 2011 թվականին, երբ Զորաց քարեր պատմամշակութային արգելոցից 400-500 մետր հեռավորության վրա ստեղծվում էր հնավայրի ՝ չափերով ավելի փոքր մանրակերտը (կրկնօրինակը): «Այսինքն, ներկայացված նկարը որևէ առնչություն չունի Զորաց քարեր հուշարձանի հետ:
Անզեն աչքով տեսանելի է, որ այդ քարերը բնօրինակը չեն. դրանք կտրվել են, քարերի վրա բացվել են անցքեր, որպեսզի բնօրինակին նման լինեն»,-գրում է նախարարությունը` հորդորելով զերծ մնալ չճշտված տեղեկատվություն տարածելուց:
Հետաքրքրական է, որ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի աշխատակից, երիտասարդ գիտնական Միքայել Բադալյանն այս նույն փաստի վերաբերյալ իր` նախարարության տեսակետին հակառակ մեկնաբանությունն ունի: Նրա խոսքով՝ տվյալ նկարն արված է հենց Զորաց Քարերի տարածքում` պեղումներ անելու ժամանակ:
«Կա արդեն իսկ ժամանակին թալանված դամբարան, որի ծածկասալերից մի քանիսն ընկել են դամբարանախցի մեջ: Բնականաբար, այս դամբարանը պեղելու համար պետք է նաև հանել ընկած ծածկասալերը: Քանի որ մեր դարաշրջանում չկան կիկլոպներ, ապա նման հսկայածավալ քարերը այստեղ հանվում են վերամբարձ կռունկի օգնությամբ»,- ասում է նա:
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am