«Շանսոնի վերջին Աստվածը», կամ ինչու թուրքերն Ազնավուր չունեն. թուրք սյունակագրի հոդվածը՝ նվիրված լեգենդար շանսոնյեի հիշատակին
Advertisement 1000 x 90

«Շանսոնի վերջին Աստվածը», կամ ինչու թուրքերն Ազնավուր չունեն. թուրք սյունակագրի հոդվածը՝ նվիրված լեգենդար շանսոնյեի հիշատակին

«Նա ազդեց երեք սերնդի, հինգ մայրցամաքի վրա: Պատմեց սիրո, երեխաների, փոքրիկ մարդկանց, մերժվածների մասին: Նա բնական էր, պարզ». այսպես է բնութագրել աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրին թուրք մտավորական Ռագըփ Դուրանը:

artigercek.com կայքի իր սյունակում լեգենդար հային նվիրված հոդվածում Դուրանն Ազնավուրին անվանել է «Շանսոնի վերջին Աստվածը»: Թուրք սյունակագիրն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ Ազնավուրի մահից հետո գրված բոլոր հոդվածներում նրա մասին գեթ մի բացասական բառ չկա, ինչը հազվադեպ երևույթ է:

«Նա ազդել է մի քանի մշակույթի, մի քանի սերնդի ու երևի բոլոր 5 մայրցամաքների վրա: Անգամ ռեփերներն են երգել նրա երգերը: Երկու ամուսնություններից 6 երեխայի հայր էր: Նրա թոռներից մեկը հրեա է, մեկն էլ՝ արաբ: Խառնածնության գեղեցկագույն արդյունք են», – շարունակում է սյունակագիրը:

Դուրանն առանձնակի ուշադրություն է դարձրել հայ-թուրքական հարաբերությունների վրա Ազնավուրի ունեցած ազդեցության ու այդ հարցում նրա ունեցած ձգտումների վրա:

«Նա բարի կամքի տեր անձնավորություն էր: Դեմ էր զենքին, բռնությանը: Հավանաբար մտածում էր՝ «Տեսնես կարո՞ղ եմ հային ու թուրքին մերձեցնել»: Նա շատ անկեղծորեն ցանկանում էր բարեկամություն հաստատել Թուրքիայի և Հայաստանի միջև», – գրում է Ռագըփ Դուրանը:

Ըստ նրա՝ չվավերացնելով Հայ-թուրքական արձանագրությունները՝ երկու երկրների խորհրդարաններն էլ «ջուրը գցեցին» նրա ջանքերը:

«Ազնավուրի հետևից արտասվում էին Փարիզն ու Երևանը և տասնյակ այլ քաղաքներ: Իսկ երբևէ մտածե՞լ եք, թե ինչու թուրքերն Ազնավուր չունեն…», – ֆրանսահայ շանսոնյեին նվիրված իր գրվածքն է ավարտել թուրք մտավորականը:

Հիշեցնենք, որ Շառլ Ազնավուրը մահացել է հոկտեմբերի 1-ին՝ 94 տարեկան հասակում: Լեգենդար արտիստի հետ հրաժեշտի արարողությունը տեղի է ունեցել այսօր, վաղը՝ հոկտեմբերի 6-ին կկայանա Ազնավուրի հուղարկավորության արարողությունը:

tert.am