Ի հիշատակ մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրի` նրա արվեստի հարյուրավոր երկրպագուներ հոկտեմբերի 5-ին Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակից մոմերով երթ իրականացրեցին դեպի «Ազնավուր» կենտրոն:
Երթին մասնակցեց դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստուհի Լալա Մնացականյանը։ «Մեր սերունդը մեծացել է` Ազնավուրի երգերը վայելելով: Հիշում եմ, երբ փոքր էի, ռադիոյով լսեցի, որ Ազնավուրը տոնում է իր քառասունամյակը: Այդ ժամանակ մտածում էի, թե ինչպե՞ս է այդ տարիքի մարդն այդքան կենսախինդ ու ինչպե՞ս է այդքան լավ երգում»,- «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց նա:
Դերասանուհին հավելեց, որ շատ կցանկանար` Ազնավուրն ապրեր հարյուր տարի և երգեր բեմում: «Այդ դեպքում Շառլը կլիներ մոլորակի միակ մարդը, ով հարյուր տարեկանում բեմում է: Նա մնաց 94-ամյա միակ մարդը, ով մինչև վերջ երգեց և լքեց մեզ ոչ թե ծերությունից, այլ պարզապես հեռացավ: Հանճարը երբեք չի ծերանում: Հանճարը տարիք չունի. ուղղակի, ափսո՜ս»,- հուզված ասաց դերասանուհին:
Թատերագետ Արա Խզմալյանի խոսքով` աշխարհը լքեց մի մեծ բարոյական ուժ:
«ՇառլԱզնավուրը հեղինակություն էր բոլոր առումներով` արվեստում, մարդկայինհարաբերություններում, քաղաքացիական կեցվածքով, արժանապատիվ կյանքով: Ամբողջկյանքում չվարկաբեկվեց, մնաց գագաթների վրա և տեսեք, թե ինչպես է ամբողջ միմոլորակ ճանապարհում ոչ թե մեծ հայ մարդուն, մեծ ֆրանսիացուն, ստեղծագործողին, այլուղղակի մոլորակի քաղաքացուն, հանճարեղ մարդուն»,- շեշտեց նա:
Խզմալյանի բնորոշմամբ՝ Ազնավուրի մեծությունն անձևակերպելի է:
«Վաղուց եմ նրա երգերըլսում՝ նրա անձից հեռացած, որովհետև նա վաղուց բռնել է հավերժի ճանապարհը և, վստահեմ, հանճարեղ մարդու պոեզիան, երաժշտությունը դեռ շատ սերունդներ կլսեն: Տխուր եմ, բայց դա պայծառ տխրություն է. երանի այն մարդուն, ով կանցնի այսպիսի մեծճանապարհ»,- ընդգծեց Խզմալյանը: