«Ո՛չ ենք ասում սրբապիղծներին, ովքեր ցանկանում են թուլացնել մեր պետությունը». iravunk.com (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Ո՛չ ենք ասում սրբապիղծներին, ովքեր ցանկանում են թուլացնել մեր պետությունը». iravunk.com

Կարապի լճի հարակից տարածքից երեկ մեկնարկեց հասարակության այլասերվածության, ազգային արժեքների պղծման դեմ և ի պաշտպանություն ավանդական ընտանեկան արժեքների կազմակերպված քայլերթ-հանրահավաքը: Մասնակցում էին բազմաթիվ հոգևորականներ, հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչներ, մեծ թվով երիտասարդներ: Նրանք բարձրացան Բաղրամյան 26՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նստավայր, որպեսզի իրենց պահանջը ներկայացնեն, որի տակ ստորագրել էին հանրահավաքի մասնակիցները: Սակայն, նրանց ոստիկանները կանգնեցրեցին դեռ Բաղրամյան 26-ի դարպասներին չհասած, մինչդեռ այն համարվում էր այլևս բաց քաղաքացիների համար: Այս մասին «Իրավունքը» զրուցեց հանրահավաքի մասնակիցներից «Զորակցություն հայրենյաց պաշտպանին» ՀԿ նախագահ Անի Կարապետյանի հետ:

Անի, նախ անդրադառնանք հանրահավաքի բովանդակությանը և նպատակին…

– Մենք դեմ ենք ԼԳԲՏ քարոզչությանը, դեմ ենք, որ այլասերվի մեր հայ ընտանիքը, քանի որ յուրաքանչյուր պետության հիմքը հենց ընտանիքն է: Ուստի՝ ո՛չ ենք ասում նույնասեռականներին, ո՛չ ենք ասում սրբապիղծներին, ովքեր նման ճանապարհով ցանկանում են թուլացնել մեր պետությունը:

Մասնավորապես՝ ի՞նչ եք պահանջում իշխանությունից և ի՞նչ դիմումի տակ են ստորագրել հանրահավաքի մասնակիցները:

– Պահանջը նոյեմբերին նախատեսված ԼԳԲՏ-ական ֆորումի կասեցումն է և նրանց քարոզչությունն օրենքի շրջանակում սահմանափակելը:

Ի դեպ, պարզվեց, որ Բաղրամյան 26-ի բակն այդքան էլ բաց չէ, թեպետ մեծ հանդիսավորությամբ օրեր առաջ այդ մասին հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը: Ի՞նչ կասեք այս մասին:

– Այո, մենք ականատես եղանք մի քանի օր առաջ, որ Բաղրամյան 26-ի բակը բաց էր այլ հանրահավաքի մասնակիցների համար, սակայն այսօր ոստիկանները պատ էին կազմել և թույլ չէին տալիս, որպեսզի անցանելի դառնա ճանապարհը:

Ցույցը խաղաղ էր, ըստ Ձեզ, ի՞նչն էր մտավախությունը, որ թույլ չտվեցին բակ մտնեիք:

– Մեր ցուցարարները խաղաղ էին և մեր նպատակն էլի եմ կրկնում՝ ավանդական ընտանիքի և ազգային արժեքների պահպանումն է, ինչի վտանգը մենք զգում ենք: Վերջին ժամանակներում ընտանիքի ոտնահարման, ազգային արժեքների վիժեցման գործընթաց է տեղի ունենում Հայաստանի Հանրապետությունում և ցույցը դրա դեմ էր: Իսկ մեր ցուցարարները ադեկվատ մարդիկ են ու ոչ մի սադրանքների չտրվեցին, թեպետ կային հանրահավաքում մի քանի հոգի, որոնք եկել էին հենց սադրանքներ հրահրելու համար: Ինչևէ, մեր հանրահավաքի մասնակիցներն այնքան ադեկվատ գտնվեցին, որ ցույցն անցավ խաղաղ պայմաններում և ամեն ինչ նորմալ էր:

Քայլերթի ընթացքում նկատելի էր, որ ոստիկանների լուրջ կուտակում կար, սակայն նույն այդ ոստիկաններն այդպիսի մեծ թիվ չեն կազմում, երբ հակաեկեղեցական շարժման մասնակիցներն են քայլերթ անում Երևանի փողոցներում: Ինչպե՞ս եք վերաբերում այս երևույթին:

– Իսկապես, բավականին շատ էին ոստիկանները, մինչդեռ նույն այդ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության ցուցարաները երբ շարժվում են փողոցներում, ոստիկանները բավականին պասիվ են: Սակայն այս պարագայում որքան էլ ոստիկաննները ակտիվ էին, հանրահավաքը տեղի ունեցավ:

Ո՞րն է լինելու Ձեր պայքարի հաջորդ քայլը:

– Մեր պայքարը շարունակական բնույթ է կրելու, և եթե կառավարությունը հետևողական չեղավ, չարձագանքեց մեր պահանջին, հանրահավաքները շարունակվելու են:

Հ.Գ.- Առավել մանրամասն դիտե՛ք տեսանյութում.

iravunk.com