
Արծրուն Պեպանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՎՏԱՆԳ
Մեր ժողովուրդը հազար տարի դաժան պատմություն է ունեցել, միասնական ազգային կյանք չի ունեցել, դրա հետևանքով թուլացել է էթնոսի զգացողությունը, ճակատագրորեն միմյանց կապվածության զգացողությունը: Այդ պատճառով մեր մարդու համար իր տոհմից, իր թիմից դուրս գտնվող իր ազգի, իրեն անծանոթ ներկայացուցիչներին ինքն ընկալում է որպես թշնամու, ումից հարկավոր է զգուշանալ և ում հետ կարելի է վարվել, ինչպես վարվում են թշնամու հետ:
Այսպիսի հատկանիշ ունեցող ժողովուրդը կստեղծի այնպիսի պետություն, որպիսին ունեինք մարտ ամսին:
Եթե ուզում ենք այլ որակի պետություն ունենալ, ապա անհրաժեշտ է հատուկ քայլերի միջոցով վերացնել այդ թերացումը, ուժեղացնել էթնոսի զգացողությունը:
Այդպիսի հատկանիշ ունեցող ժողովրդին հակացուցված է դնել այնպիսի քաղաքական գործընթացների մեջ, որոնք առճակատումի վտանգ են պարունակում, քանի որ սովորական քաղաքական մրցակցությունն այդպիսի ժողովրդի մոտ կվերածվի անողոք պայքարի, անգամ արյունահեղության: Չի բացառվում, որ մի կողմը ֆիզիկապես ոչնչացնի մյուսին՝ ոչնչի առաջ չկանգնելով: Բայց դա փրկություն չի բերի, քանի որ վտանգ կա, որ այդ դեպքում կատաղի պայքարից գերակտիվացած անհանդուրժողականությունը արյունալի առճակատումներ կառաջացնի արդեն հաղթած կողմի շարքրում:
Այնպես որ, այդպիսի ժողովրդի էլիտան պիտի շատ զգույշ լինի քաղաքական գործընթացներ սկզբնավորելիս:
Այդպիսի ժողովրդի համար հարկավոր է գտնել առկա ճգնաժամները միասնաբար, առանց խրամատների հաղթահարելու ուղի: Այլապես պետությունը կկանգնի կործանման եզրին»:
https://www.facebook.com/photo.php?fbid=10217784927438836&set=a.10200092231292490&type=3&theater