Վարդան Պետրոսյանը կմասնակցի «Քեզ համար Ազնավուր» համերգային երեկոյին
Advertisement 1000 x 90

Վարդան Պետրոսյանը կմասնակցի «Քեզ համար Ազնավուր» համերգային երեկոյին

Մեծ շանսոնյե Շառլ Ազնավուրին նվիրված «Քեզ համար Ազնավուր» համերգին երգիչ, դերասան Հայկ Պետրոսյանը, նրա ընկերները` Իվետա Մուկուչյանը, Մաշա Մնջոյանը, Սոնա Ռուբենյանը, Էրիկը և այլ երգիչներ կկատարեն Ազնավուրի հանրահայտ ստեղծագործությունները: Համերգի հատուկ հյուրը կլինի դերասան Վարդան Պետրոսյանը, ով մի քանի տարվա ընդմիջումից հետո ելույթ կունենա հայաստանյան բեմում:

Համերգային ծրագիրը տեղի կունենա հոկտեմբերի 29-30-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

«Համերգը նախապես ծրագրված էր, և մենք հույս ունեինք, որ Շառլ Ազնավուրը նույնպես կմասնակցի դրան: Այն պետք է մեկ օր լիներ, բայց Ազնավուրի մահից հետո, որոշվեց համերգը երկու օր անցկացնել և պատշաճ հարգանքի տուրք մատուցել Ազնավուրին»,- լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:

Նա շեշտեց, որ նախարարությունը համերգի կայացմանն աջակցել  է և’ ֆինանսապես, և կազմակերպչական առումով:

Հայկ Պետրոսյանը հիշեցրեց, որ «Քեզ համար Ազնավուր» խորագրով համերգն իրականացվել է նաև անցյալ տարի. ներկա է եղել Շառլ Ազնավուրը:

«Ընդգրկել ենք Ազնավուրի ամենահայտնի ստեղծագործությունները: Կհնչեն գործեր հայերենով: Նա 1300 երգի հեղինակ է, բայց ունի առնվազն քսան երգ, որոնք պարտադիր պետք է հնչեն: Ազնավուրի 85-ամյակին նվիրված համերգներից մեկի ժամանակ նա չի  կատարում «Je m’voyais déjà» երգը. արդյունքում հանդիսատեսը բոյկոտում է, և երկրպագուների պահանջով Ազնավուրը այդ երգը ներառում է հաջորդ համերգների ծրագրում»,-պատմեց Պետրոսյանը:

Նա նշեց, որ երեկոյին անպայման ներկայացնելու է Ազնավուրի կյանքն ու գործունեությունը. հայտնի և անծանոթ դրվագներ: «Ինձ համար կարևոր է խոսել Ազնավուրի մարդկային տեսակի մասին: Նա օրինակելի անձնավորություն էր: Կապ չունի դու բեմում ես, հաշվապահ ես կամ ինչ մասնագիտություն ունես, միևնույն է Ազնավուրը կյանքում պայքարելու, ապրելու, նպատակներին ու երազանքներին հասնելու հրաշալի օրինակ է բոլորի համար: Նա ասել է. «Մի օր բոլորս էլ մեռնելու ենք, բայց մինչ այդ ապրել է պետք»,-մեջբերեց Հայկ Պետրոսյանը:

Անդրադառնալով համերգի մասնակիցներին` Հայկն ասաց, որ Ազնավուրի գործերը կատարելը հեշտ չէ, և երգիչները շատ են աշխատել, որպեսզի երաժշտասերների համար Ազնավուրի երգերն իրենց կատարմամբ օտար չհնչեն:

«Հատուկ հյուրերից մեկն ինձ համար առանձնահատուկ է. մարդ, որը հինգ տարի Երևանում բեմ չի բարձրացել: Նա նախատեսում էր հաջորդ տարի գալ հայրենիք և իր ներկայացումներով վերադարձ ազդարարել հայաստանյան բեմում, բայց ես նրան  խնդրեցի մասնակցել այս համերգին, քանի որ նրա մասնակցությունը մեզ համար շատ կարևոր է: Նա համաձայնեց. խոսքը իմ հոր` Վարդան Պետրոսյանի մասին է: Ես իսկապես ուրախ եմ, որ հայրս ելույթ է ունենալու այդ երեկոյին»,- խոստովանեց դերասանը և հավելեց, որ, չնայած այն ողջ տխրությանը, որը ապրում ենք բոլորս, համերգին Ազնավուրին պետք է հիշել ուրախությամբ ու ժպիտով: