ՀՀ ԱԺ նախկին պատգամավորների միջեւ հարաբերությունների զինված պարզաբանումը տեղի է ունեցել պարգեւատրված զենքերով. ընդ որում՝ թե սպանությունը և թե ինքնասպանությունը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին-ին «Այգի» ռեստորանային համալիրում սպանվել էԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ-ական Կարո Կարապետյանը, ում սպանության մեջ կասկածվում է նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը, ում դին դեպքից ժամեր անց հայտնաբերվել է Զովունիում՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ նախկին պատգամավորների տարաձայնությունն ունի պատմություն և ամեն ինչ սկսվել է համատեղ բիզնես իրականացնելու մտահղացումից։ Որոշ ժամանակ անց՝ գործընկերների միջեւ տարակարծություն է առաջացել և Կարո Կարապետյանը գումարային պահանջ է ներկայացրել Հարություն Ղարագյոզյանին։
Դեպքի օրը ևս կողմերը հանդիպել են` պարզաբանումների համար։ Հանդիպումը նախ եղել է Շենգավիթում, հետո որոշել են շարունակել Կենտրոնում՝ հանդիպման վայր ընտրելով «Այգի» ռեստորանը։ Ընդ որում՝ հենց նրանց նախաձեռնությամբ է ԲՀԿ-ական Աբրահամ Մանուկյանը միացել քննարկմանը, բայց զրույցը չի ստացվել։ Նախկին պատգամավորները նստել են առանձնասենյակներից մեկում, որտեղ կրքերն այնքան են բորբոքվել, որ հնչել են կրակոցներ և Հարություն Ղարագյոզյանը հանելով ատրճանակը կրակել է Կարո Կարապետյանի կրծքավանդակի ուղղությամբ։ Քննչական կոմիտեի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ նա ստացել է 4 հրազենային վնասվածք։ Ընդհանուր առմամբ հնչել է 5 կրակո, որոնցից տուժել է նաեւ վերջինիս ուղեկցողը՝ Ս.Ավագյանը, ում կյանքին, ինչպես հայտնեցին Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից, վտանգ չի սպառնում։
Դեպքից հետո Հարություն Ղարագյոզյանը դիմել է փախուստի թողնելով ատրճանակը Պարզվել է նաև, որ դեպքի վայրում հայտնաբերված «Պիետրո-Բերետտա» ատրճանակը պատկանում է Հարություն Ղարագյոզյանին։ Վերջինս նշված ատրճանակով պարգևատրվել է ՀՀ վարչապետի որոշումով՝ 2001 թվականի մարտի 22-ին։
Նրա դին հոկտեմբերի 7-ի առավոտյան հայտնաբերվել է Զովունիի արտադրամասերից մեկի տարածքում, որտեղ, ըստ շրջանառվող տեղեկությունների, գիշերել էր։ Իսկ առավոտյան ինքնասպանություն գործել՝ կրակելով գլխին։ Դեպքի վայրում նրա ձեռքին հայտնաբերվել է ատրճանակը, որը, ինչպես պարզվում է, նույնպես եղել է օրինական. դրանով նա պարգեւատրվել էր ոստիկանապետի կողմից։