Անցյալ շաբաթ Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում տեղի ունեցավ քաղցկեղի համաշխարհային առաջնորդների գագաթնաժողովը և Քաղցկեղի համաշխարհային կոնգրեսը, որին առաջին անգամ մասնակցում էր նաև Հայաստանի պատվիրակությունը՝ ՀՀ Վարչապետի տիկին, «Ժպիտների քաղաք» (Սիթի օֆ Սմայլ) բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին նաև Ուռուցքաբանության ազգային կենտրոնի (ՈՒԱԿ) տնօրեն, պրոֆեսոր Արմեն Տանանյանը, մանկական ուռուցքաբան-արյունաբան, ԵՊԲՀ ուռուցքաբանության ամբիոնի դոցենտ Գևորգ Թամամյանը, ուռուցքաբան-քիմիաթերապևտ Դավիթ Զոհրաբյանը:
Սեպտեմբերի 30-ին, Քաղցկեղի համաշխարհային առաջնորդների գագաթաժողովի բացման պաշտոնական արարողությանը Աննա Հակոբյանը հանդես եկավ բացման ելույթով, իսկ հաջորդող օրերին հայկական պատվիրակությունը ունեցավ մի շարք երկկողմ հանդիպումներ:
Քաղցկեղի վերահսկման միջազգային միության նորընտիր նախագահ, Նորին Մեծություն Հորդանանի արքայադուստր Դինա Միրեդի հետ հանդիպման ընթացքում արքայադուստր Դինան պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանին՝ մասնակցելու Քաղցկեղի վերահսկման միջազգային միության ծրագրերին, մասնավորապես՝ «Քաղցկեղը հաղթահարող քաղաք» ծրագրին: Դինա Միրեդն իր աջակցությունն է հայտնել նաև հետագայում Քաղցկեղի համաշխարհային առաջնորդների գագաթնաժողովը և Քաղցկեղի համաշխարհային կոնգրեսը Հայաստանում անցկացնելու գաղափարին և պատրաստակամություն հայտնել մոտ ապագայում այցելել Հայաստան:
Բուրկինա-Ֆասոյի նախագահի հատուկ հարցերով խորհրդական Մաթիաս Սոմեյը հայկական պատվիրակության հետ հանդիպմանը տիկին Հակոբյանին է փոխանցել Բուրկինա-Ֆասոյի Առաջին տիկնոջ ողջույնը և խնդրանքը՝ հնարավորության դեպքում Ֆրանկոֆոնիայի առաջիկա գագաթնաժողովի ընթացքում բարձրաձայնել նաև քաղցկեղի խնդիրները:
ԳԵրմանիայի քաղցկեղի հետազոտությունների կենտրոնի խորհրդի նախագահ և գիտական ղեկավար, հայտնի ճառագայթաբան-ուռուցքաբան, պրոֆեսոր Մայքլ Բաումանի հետ հանդիպմանը քննարկվել են հետագա համագործակցության հարցեր, մասնավորապես՝ մասնագետների վերապատրաստման և Հայաստանում քաղցկեղի հետազոտությունների զարգացման վերաբերյալ: Համաձայնություն է ձեռքբերվել փոխադարձ այցերի վերաբերյալ:
Հոֆֆմանն-Լա-Ռոշ խոշորագույն դեղագործական կազմակերպության ներկայացուցիչներ Ռեյչել Ֆրիցբերգի և Քելլի Բաթերուորթի հետ քննարկվել է Հայաստանում Հոֆֆմանն-Լա-Ռոշ կազմակերպության Պացիենտների օգնության ծրագրերի ներդրման հնարավորությունը: Ծրագրի նպատակն է կազմակերպության արտադրած թանկարժեք դեղերը, որոնք ներառված են Առողջապահության համաշխարհային կազմակերպության քաղցկեղի պարտադիր դեղորայքի ցանկում (տրաստուզումաբ և ռիտուքսիմաբ), հասանելի դարձնել զարգացող երկրների պացիենտների համար:
Սուրբ Հուդայի մանկական հետազոտական հիվանդանոցի փոխնախագահ, «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի Պատվավոր խորհրդատու կոմիտեի անդամ, պրոֆեսոր Կառլոս Ռոդրիգես-Գալինդոյի հետ քննարկվել են հետագա համագործակցության խորացման հնարավորությունները, ինչպես նաև 2019 թ. փետրվարին ԵՊԲՀ-ում կայանալիք Մանկական ուռուցքաբանության արևելյան և միջերկրածովյան խմբի գիտաժողովի կազմակերպչական հարցեր (գիտաժողովին մասնակցելու է 23 երկրներից մանկական քաղցկեղի 60 կենտրոնների ներկայացուցիչ): Սուրբ Հուդայի հիվանդանոցը ներկայումս համարվում է ԱՄՆ մանկական քաղցկեղի առաջատար կենտրոնը:
Վարիան (Varian) ճառագայթային բուժման սարքեր արտադրող խոշորագույն ընկերության ուռուցքաբանության նախագահ Քոլին Քենեդիի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները, ինչպես նաև Վարիանի արտադրության ճառագայթային բուժման սարքերը Հայաստանի համար հասանելի դարձնելու հնարավորությունները:
Միջուկային էներեգետիկայի միջազգային գործակալության (ՄԷՄԳ) Քաղցկեղի բուժման ծրագրի ղեկավար Նելլի Էնուերեմ-Բրոմսոնի հետ հանդիպմանը պրոֆ. Տանանյանը ներկայացրել է գործակալության հետ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տարիների համագործակցության արդյունքները: Տիկին Էնուրեմ-Բրոմսոնը պատրաստակամություն է հայտնել աջակցելու մոտակա ամիսներին ՄԷՄԳ-ի կողմից ՈՒԱԿ-ին բրախիթերապիայի նոր սարքի տրամադրմանը, ինչպես նաև գործակալության կողմից Հայաստանում քաղցկեղի իրավիճակի վերլուծությանն ու Հայաստանի Քաղցկեղի ազգային պլանի մշակմանը:
Քաղցկեղի հետազոտությունների միջազգային գործակալության նորընտիր տնօրեն Էլիզաբեթ Ուեիդերփասի հետ քննարկվել է Հայաստանում քաղցկեղի ազգային ռեգիստր ստեղծելու ծրագիրը, ինչպես նաև փոխադարձ այցերի հնարավորությունը:
Աննա Հակոբյանը մասնակցել է նաև Նորին Թագավորական Մեծություն Տունակու Զարա Սալիմի և Մալայզիայի քաղցկեղի ազգային միության կողմից կազմակերպված՝ կրծքագեղձի քաղցկեղին նվիրված միջոցառմանը:
Հոկտեմբերի 2-ին հայկական պատվիրակությունը տիկին Հակոբյանի գլխավորությամբ հանդիպել է Մալայզիայի հայ համայնքի հետ: Ջերմ աշխատանքային մթնոլորտում անցած հանդիպման մասնակիցներն ընդգծել են նման հանդիպումների կարևորությունը: