Արոնյանի կնոջն ու նրա ուղեկիցներին թուրքերը հետապնդել են հայկական շապիկի պատճառով. armeniasputnik.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Արոնյանի կնոջն ու նրա ուղեկիցներին թուրքերը հետապնդել են հայկական շապիկի պատճառով. armeniasputnik.am

Հայտնի շախմատիստ, Աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանի կինը` Արիանա Կաոիլին ֆեյսբուքում տեսանյութ ու գրառում է հրապարակել, որում պատմել է Թուրքիայում իր հետ տեղի ունեցած վտանգավոր դեպքերի մասին։ «Ես տվեցի իմ շապիկը Գարեգինին։ Խնդրեցի, որ պահի իր մոտ, մինչև այն ինձ պետք լինի։ Երբ անցնում էինք սահմանային անցակետով, նրանք 3 անգամ խուզարկեցին Գարեգինին ու գտան շապիկը նրա մոտ։ Հարցրեցին` սա ի՞նչ է։ Այստեղ բացի թուրքքկան դրոշից այլ բան չի կարող լինել։ Նրանք հիմնականում զայրացան այդ շապիկի վրա»,– պատմում է Արիանա Կաոիլին` ներկայացնելով, իր` Հայաստանի դրոշի գույներով ու «Հայաստան» գրությամբ շապիկի շուրջ թուրքական իշխանությունների հետ ունեցած խնդիրները։

Նա նշում է, որ վտանգից խուսափելու համար ստիպված է եղել այդ շապիկը կրել միայն ցուրտ օրերին, այն էլ` անձրևանոցի տակ, որպեսզի չերևա։

«Մի քանի կիլոմետր անց մենք տեսանք գյուղին մոտեցող տանկեր։ Արդեն մթնում էր, որոշեցինք մնալ այդտեղ գիշերելու, քանի որ ճանապարհը վտանգավոր էր։ Տեղաբնակները մեզ զգուշացրեցին, որ թուրք ոստիկաններն իրենց հարցրել են հայ հեծանվորդների մասին։ Ոչ ոք չէր ուզում մեզ օգնել, գիշերակացի տեղ չէին տալիս»,– ասում է նա։

Իսկ մեկը, ով համաձայնել է իրենց տեղ տալ, զգուշացրել է` ձեզ հետ կարող է ինչ-որ բան կատարվել։

«Եվ այդ ամենը միայն մի եռագույն շապիկի պատճառով։ Եվ Թուրքիան դեռ ուզում է ԵՄ–ին անդամակցել։ Ես խոսքեր չունեմ»,– եզրափակում է Արիանա Կաոիլին։

Նա նաև խոստովանում է, որ այդ ամենի մասին կարողացել է պատմել միայն Իրանի սահմանը հատելուց հետո` Բինգյոլից 20 կմ հեռավորության վրա` Գենչում:

Արիանան խոստովանում է, որ հեծանվաարշավից հետո հոգեբանորեն սպառված է և շատ հոգնած:

Հեծանիվով Թուրքիայի և Իրանի տարածքով դեպի Հայաստան 1 800 կիլոմետր ճանապարհ անցնելու մտադրության մասին Արիանան հայտարարել էր սեպտեմբերի 18-ին։ Հեծանվաարշավի նպատակը «Հայաստանի մանուկներ հիմնադրամի» համար դրամահավաք իրականացնելն էր: Միջոցներն օգտագործվելու էին գյուղական համայնքներում ապրող հայ երեխաներին որակյալ առողջապահական ֆիզիկական կրթությունը հասանելի դարձնելու համար։

Հեծանվավազքի մեկնարկը Արիանան նախատեսում էր Կիլիկիայի միջնադարյան հայկական քաղաքից` Այասից, որտեղից իր Արևելյան արշավը սկսել էր Մարկո Պոլոն:

armeniasputnik.am