Փոփ-երգչուհի Թեյլոր Սվիֆթը American Music Awards երաժշտական մրցանակին է արժանացել «Տարվա արտիստ» գլխավոր անվանակարգում: Պարգևների հանձնման 46-րդ ամենամյա արարողությունը հոկտեմբերի 9-ին անցկացվել է Լոս-Անջելեսի (Կալիֆոռնիայի նահանգ) Microsoft թատրոնում եւ հեռարձակվել է ABC հեռուստաալիքի եթերով:
Հիմնական կատեգորիայում մրցանակին նաև հավակնում էին հեղինակ-կատարող Էդ Շիրանը, Imagine Dragons խումբը, ռեփեր Փոսթ Մելոունը և երգիչ Դրեյքը: Սվիֆթը հաղթել է բոլոր չորս կատեգորիաներում, որոնցում ներկայացված էր, ներառյալ «Լավագույն փոփ/ռոք ալբոմ» (Reputation սկավառակ) անվանակարգը: Լավագույն փոփ/ռոք-կատարող է ճանաչվել Փոսթ Մելոունը: «Լավագույն փոփ/ռոք-դուետ կամ խումբ» անվանակարգում պարգեւին արժանացել է Migos հոփ-կոլեկտիվը, որը կարողացել է առաջ անցնել Imagine Dragons-ից և Maroon 5-ից:
Տարվա լավագույն փոփ/ռոք-երգ է դարձել Havana սինգլը՝ Կամիլա Կաբելիոյի և ռեփեր Յանգ Թագի կատարմամբ: Վերջին կոմպոզիցիայի հոլովակը նաեւ ճանաչվել Է «Տարվա լավագույն տեսահոլովակ»: Իգական սեռի լավագույն ռեփ/հիփ-հոփ կատարող է ճանաչվել Քարդի Բին, որն այս կատեգորիայում առաջ է անցել Փոսթ Մելոունից եւ Դրեյքից: Տարվա լավագույն դեբյուտանտն է դարձել Կամիլա Կաբելիոն, որը հաղթանակ է տարել Քարդի Բիի եո սոուլ-կատարող Հալիդի նկատմամբ:
American Music Awards-ը հիմնվել է 1973 թվականին որպես Grammy մրցանակի այլընտրանք: Պարգևները շնորհվում են առցանց-քվեարկության արդյունքների հիման վրա, որին կարող են մասնակցել Համացանցի բոլոր օգտատերերը: Անվանակարգորդներին որոշում են ձայնագրությունների վաճառքների ծավալների, տեսահոլովակների դիտումների թվի, ինչպես նաև սոցիալական ցանցերում ակտիվության հաշվառման ճանապարհով: