Հայկական «Ալիանս Ֆրանսեզ»-ի 2018 թվականի լավագույն ուսանողի դիպլոմին արժանացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այն վարչապետին Երևանի Ազատության հրապարակում, Հայաստանում «Ալիանս Ֆրանսեզ»-ի գործունեության 15-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ հանձնեց Հայաստանում «Ալիանս Ֆրանսեզ»-ի խորհրդի նախագահ Հակոբ Անդրեասյանը:
«Ուրախ եմ, որ իմ՝ ֆրանսերեն սովորելու գործընթացն այսպիսի ուշադրություն է գրավում, և դա մեծ պատասխանատվություն է ինձ համար: Հույս ունեմ, որ Հայաստանում մարդիկ կսովորեն մի քանի օտար լեզուներ, այդ թվում՝ ֆրանսերեն: Գիտեք, որ իմ ժուռնալիստիկայի դիպլոմը չեմ կարողացել ունենալ ներքաղաքական պատճառներով, և ուրախ եմ, որ այս դիպլոմը կարողացա ունենալ միջազգային քաղաքական պատճառներով»,- նշեց վարչապետ Փաշինյանը:
Միջոցառման ընթացքում ելույթով հանդես եկավ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթը, ով բարձր գնահատեց հայկական «Ալիանս Ֆրանսեզ»-ի գործունեությունը՝ մեր երկրում ֆրանսերենի և ֆրանսիական մշակույթի տարածման գործում: Այնուհետև դիպլոմներ են հանձնվել «Ալիանս Ֆրանսեզ»-ի այս տարվա լավագույն աշակերտներին:
Այնուհետև կառավարության ղեկավարը շրջայց է կատարել Ֆրանկոֆոնիայի ավանի ազգային տաղավարներով, ծանոթացել ֆրանկոֆոն երկրների ազգային մշակույթին և ավանդույթներին: