Ալտահար Յուրի Բաշմետը ելույթ կունենա երևանյան բեմում
Advertisement 1000 x 90

Ալտահար Յուրի Բաշմետը ելույթ կունենա երևանյան բեմում

«Երևանյան հեռանկարներ» 19-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում Երևանում մեկ համերգային ծրագրով հանդես կգա հանրահայտ  ալտահար և դիրիժոր Յուրի Բաշմետը: Նա ելույթ կունենա «Մոսկվայի մենակատարներ» կամերային նվագախմբի նվագակցությամբ:

Համերգը կանցկացվի հոկտեմբերի 15-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

Բաշմետը ալտ երաժշտական գործիքին նոր շունչ է տվել  և դարձել ներշնչանքի աղբյուր ժամանակակից կոմպոզիտորների համար, որոնք շուրջ վեց տասնյակ կոնցերտ են գրել՝ դրանք նվիրելով Բաշմետին: Երաժիշտը Մոսկվայի «Դեկտեմբերյան գիշերներ» փառատոնի ղեկավարն է, «Նոր Ռուսաստան» սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորը, ինչպես նաև «Մոսկվայի մենակատարներ» նվագախմբի հիմնադիրն ու տնօրենը, որի հետ նա հանդես է գալիս դիրիժորի և մենակատարի դերերում։

Յուրի Բաշմետը ծնվել է 1953 թվականին Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում: Երաժիշտն իր մանկությունն անցկացրել է Ուկրաինայի Լվով քաղաքում՝ նախքան Մոսկվայի կոնսերվատորիայում ուսանելը: Բաշմետի միջազգային ճանաչումը սկսվեց 1976 թվականից, երբ հաղթեց Մյունխենի ալտի միջազգային մրցույթում։

Այս կարևոր իրադարձությունից հետո նա հանդես է եկել աշխարհի խոշորագույն նվագախմբերի հետ, որոնց թվում են Բեռլինի և Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբերը, Թագավորական Կոնսերտգեբաու նվագախումբը, Բոստոնի, Չիկագոյի և Մոնրեալի սիմֆոնիկ նվագախմբերը, Նյու Յորքի ֆիլհարմոնիկը, ինչպես նաև Լոնդոնի ֆիլհարմոնիկ և սիմֆոնիկ նվագախմբերը։

Կամերային երաժշտության ասպարեզում Բաշմետի ամենամտերիմ գործընկերներն են եղել Սվյատոսլավ Ռիխտերը, Գիդոն Կրեմերը, Մստիսլավ Ռոստրապովիչը, Մարթա Արգերիխը, Մաքսիմ Վենգերովը, Նատալիա Գուտմանը, Ջեսսի Նորմանը, Ժան Իվ Տիբոդեն, Անե-Սոֆի Մութերը, Լին Հարելը։ Բաշմետը ձայնագրել է նշանակալից ձայնասկավառակներ` «Deutsche Grammophon»-ի համար, որոնք արժանացել են «Diapason d’Or» և «Գրեմմի» մրցանակների։

Բաշմետը հիմնադրել և ղեկավարել է մի շարք անվանի փառատոններ, որոնց թվին են պատկանում Սոչիում տեղի ունեցող «Արվեստների ձմեռային փառատոն»-ը (Ռուսաստան), «Պրոսեկոյի Պողոտա» փառատոնը (Իտալիա), «Էլբա՝ Եվրոպայի երաժշտական կղզի» փառատոնը (Իտալիա): Բաշմետը հիմնել և ղեկավարել է Համառուսական երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբը և ԱՊՀ երկրների երիտասարդական երաժշտական ակադեմիան։