Ինդոնեզիայի Ճավա կղզում տեղի ունեցած նոր երկրաշարժն առնվազն երեք մարդու կյանք է խլել: Այդ մասին հոկտեմբերի 11-ին հայտնել է Associated Press գործակալությունը: Կղզու արևելյան մասի առանձին շրջաններում մասամբ ավերվել են բնակելի տները, խնդիրներ են ծագել էլեկտրականության մատակարարման հարցում:
Ստորգետնյա ցնցումներն զգացվել են նաև զբոսաշրջիկների շրջանում ժողովրդականության վայելող Բալի կղզում, սակայն ցունամիի հնարավորության վերաբերյալ նախազգուշացումներ չեն արվել: 6,0 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել հոկտեմբերի 10-ի երեկոյան: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Սիտուբոնդո քաղաքից 55 կիլոմետր հյուսիս-արևելք ընկած շրջանում՝ 10,3 կիլոմետր խորության վրա: Նշենք, որ Ինդոնեզիայում մինչ այժմ շարունակվում են սեպտեմբերի վերջին տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքները, երկրաշարժ, որի զոհ դարձավ ավելի քան 2 հազար մարդ: