Մենք բոլորս անհամբեր սպասում էինք այն պահին, թե երբ Շառլ Ազնավուրը կերգեր սեր, մշակույթ. Նիգերի նախագահ
Advertisement 1000 x 90

Մենք բոլորս անհամբեր սպասում էինք այն պահին, թե երբ Շառլ Ազնավուրը կերգեր սեր, մշակույթ. Նիգերի նախագահ

Նիգերի Հանրապետությունը եղել է Ֆրանկոֆոնիայի ակունքներում և ամեն ինչ արել է ֆրանկոֆոնիայի կազմակերպության զարգացման ու պահպանման համար: Այս մասին Երևանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին իր խոսքում նշեց Նիգերի նախագահ Իսուֆու Մահամադուն:

Նա շնորհակալություն հայտնեց Հայաստանին ջերմ ընդունելության և գագաթնաժողովի կազմակերպման, այն աշխատանքների համար, որոնք ուղղված են միջոցառման ընթացքը, բնականոն հունը կատարելապես ապահովելուն: Նիգերի նախագահը շնորհակալություն հայտնեց նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ամբողջ քարտուղարությանը միջոցառման նախապատրաստական աշխատանքները լավագույնս կատարելու համար:

«Նիգերը միանում է այն ցավակցություններին, որ հնչել են բոլոր երկրներից, ամբողջ աշխարհից աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ: Իր հսկայական աշխատանքի ընթացում Շառլ Ազնավուրը ֆրանսերեն լեզվի դեսպանն էր: Նա այսօր մեզ հետ պետք է լիներ, մենք բոլորս անհամբեր սպասում էինք այն պահին, թե երբ Շառլ Ազնավուրը կերգեր սեր, մշակույթ: Շառլ Ազնավուրի մահը մեծ կորուստ էր Ֆրանսիայի, Հայաստանի, ընդհանրապես, ամբողջ աշխարհի համար»,-ասաց Նիգերի նախագահը:

Նիգերի նախագահը անդրադարձավ մի քանի մարտահրավերների՝ անվտանգություն, միգրացիա, դեմոգրաֆիկ խնդիրներ, կլիմայական խնդիրներ, բազմաբևեռ աշխարհի մարտահրավեր:

«Մի շարք անդամ երկրներ առճակատվում են ահաբեկչությանը: Մյուս կողմից միգրացիոն տեղաշարժերի ակունքում ծայրահեղ աղքատությունն է: Այստեղ  անհրաժեշտ է իրականացնել մի շարք զարգացման ծրագրեր: Դեմոգրաֆիկ մարտահրավերների համատեքստում կցանկանայի առաջ քաշել երիտասարդ աղջիկների, կանանց ուսուցման հարցերը: Անհրաժեշտ է երաշխավորել երիտասարդ աղջիկների ու կանանց կրթությունը, բացառել պարտադիր ամուսնությունները»,- ասաց նա:

Նիգերի նախագահը խոսեց նաև կլիմայական մարտահրավերների մասին: Նա ընդգծեց, որ հետևողական են լինելու փարիզյան կլիմայական համաձայնագրի դրույթների հարգման գործում: Նրա խոսքով, յուրաքանչյուրը պետք է ամենայն պատասխանատվությամբ վերաբերի երկիր մոլորակին:

«Կցանկանայի նշել, որ այսօր մի շարք միջազգային համաձայնագրեր չեն հարգվում, դա չի կարող մեզ անտարբեր թողնել: Հարկ է ընդգծել, որ այսօրվա միջազգային կառավարումը մի շարք տիրույթներում բավարար արդյունավետ չի աշխատում: Մենք պետք է շարունակենք պայքարը ժողովրդավարության և հավասարության համար»,- հավելեց նա:



Նման նյութեր