Պավարոտիին հիշեցին ու ահագին խոսեցին, իսկ իմ մասին ոչ մի բառ. Ջիվան Գասպարյանը նեղացած է. armdaily.am
Advertisement 1000 x 90

Պավարոտիին հիշեցին ու ահագին խոսեցին, իսկ իմ մասին ոչ մի բառ. Ջիվան Գասպարյանը նեղացած է. armdaily.am

Այսօր նշանավոր հայ դուդուկահար Ջիվան Գասպարյանի ծննդյան օրն է: Լեգենդար հայ երաժիշտը 90 տարեկան է։ Ջիվան Գասպարյանը առաջին դուդուկահարն էր, ով կարողացավ իր երաժտությունը հասու դարձնել համաշխարհային լսարանին։ «Ես էլ չգիտեմ ամեն ինչ ոնց եղավ։ Ես ոչ մեկը չունեի, որ ինձ պաշտպաներ ու առաջ տաներ։ Եթե հարկավոր եմ եղել՝ ինձ գտել են։ Ես սիրել եմ դուդուկը ու նվագել եմ։ Երբեք ոչ մեկից օգնություն չեմ խնդրել»,- Armdaily.am-ի հետ զրույցում ասաց Ջիվան Գասպարյանը։

Ջիվան Գասպարյանը նկատեց, որ երբեք չի մտածել, որ կարող է այսքան երկար ապրել․ «Ես ծանր կյանք եմ ունեցել։ Եղել եմ մանկատանը ու դուդուկը ձեռքս վերցրի առանց գիտակցելու, առանց նոտաներ իմանալու։ Պատերազմ էր ու շատ ծանր տարիներ էին, մայրս մահացավ 1940 թվականին, հայրս ֆրոնտում էր։ Մենք երեք երեխա անտեր էինք մնացել՝ ես, քույրս ու եղբայրս։ Չգիտեմ ոնց բացատրեմ, երևի Աստծո պահած մարդ եմ․․․»,- կիսվեց Ջիվան Գասպարյանը։

Ջիվան Գասպարյանը հայտնեց, որ տխուր է ու ծննդյան տարեդարձը չի կարող նշել․ «Մահացավ իմ լավ ընկերը՝ Շառլ Ազնավուրը։ Իմ սիրտն ու հոգին թույլ չեն տալիս ճոխ ծնունդ ու քեֆ անել, պարել․․․։ Ես Շառլին 40 տարի ճանաչում եմ։ Մենք միասին ահագին ծրագրեր ունեինք, որոնք հնարավոր չեղավ իրագործել։ Ասել էր, որ նոյեմբերին կգա Հայաստան իմ 90 ամյակին նվիրված երեկոյին մասնակցելու համար»։ Ջիվան Գասպարյանը նշեց, որ շարունակում է համերգներով շրջագայել աշխարհում․ «Շուտով Մոսկվա կմեկնեմ համերգային ծրագրով, դրանից հետո նաև Հայաստանում եմ համերգներ նախատեսում»։

Վերջում Ջիվան Գասպարյանը անկեղծացավ ու ցավով նշեց, որ հեռուստաալիքներից որևէ մեկը չի հիշել իր ծննդյան օրվա մասին ու չի շնորհավորել․ «Հեռուստացույցով շնորհավորում էին հոկտեմբերի 12-ի հոբելյարներին,Պավարոտիին հիշեցին ու ահագին խոսեցին, իսկ իմ մասին ոչ մի բառ»։

armdaily.am