Մեծ Բրիտանիայի իշխանությունները հնարավոր է Ադրբեջանին վերադարձնեն Ադրբեջանի Միջազգային բանկի նախկին նախագահ Ջհանգիր Խադիջևի կնոջ՝ Զամիրա Խադիջևայի ունեցվածքը։
Այս մասին BBC- ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի գծով քրեական գործակալության ղեկավար Դոնալդ Թունը։
«Եթե գերագույն դատարանը պարզի, որ Զամիրա Խադիջևայի միջոցները ձեռք են բերվել անօրինական ճանապարհով, ապա նրա ամբողջ ունեցվածքը և գումարները կարող են հանձնվել Ադրբեջանին»,- նշել է Դոնալդ Թունը։
Դոնալդ Թունի փոխանցմամբ՝ քանի որ Խադիջևայի գործով առաջին անգամն է, որ կիրառվել է անօրինական միջոցներով ձեռք բերված ակտիվների սառեցման մասին օրենքը, այդ ակտիվների հետագա ճակատագիրը կարող է դառնալ«քաղաքական և միջազգային հարց»։
«Այդ ակտիվները նախ կանցնեն Բրիտանական կառավարության տնօրինության ներքո։ Հետո կսկսվեն ուղղիղ շփումներ Մեծ Բրիտանիայի և այն երկրի միջև, որտեղից դուրս են բերվել այդ միջոցները։ Ակտիվների հետագա ճակատագիրը կհստակեցվի այդ բանակցությունների արդյունքում»,- հավելել է Թունը։
Մեծ Բրիտանիայի հանցավորության դեմ պայքարի գործակալությունը 2018թ․ սկզբին պետության համապատասխան մարմիններին դիմելով պահանջել էր բացահայտել Ադրբեջանի Միջազգային բանկի նախկին նախագահ Ջհանգիր Խադիջևի և նրա կնոջ Զամիրա Խադիջևայի միլիոնների հասնող ունեցվածքի ծագման աղբյուրը։
Գործակալությունը պահանջը ներկայացրել է տարեսկզբին, և գործի վերաբերյալ դատավարություն է սկսել, սակայն պատասխանող կողմի տվյալները հրապարակվել են միայն 2018թ․ հոկտեմբերին։
Գործի հանգամանքների համաձայն՝ Ադրբեջանի «Միջազգային բանկի» նախկին նախագահ Ջհանգիր Խադիջևի կինը Զամիրա Խադիջևան վարել է շքեղ ապրելակերպ։
Փաստաթղթերում տեղ գտած տվյալներով՝ նա 10 տարվա ընթացքում միայն Harrods հանրախանութում ծախսել է մոտ 16 մլն ֆունտ սթեռլինք, ինչպես նաև Մեծ Բրիտանիայում ձեռք է բերել ավելի քան 20 մլն ֆունտ սթեռլինք արժողությամբ անշարժ գույքեր։
Խադիջևների ունեցվածքի շուրջ հետաքրքրությունն առաջացել է այն ժամանակ, երբ Մեծ Բրիտանիայի իշխանությունները որոշել են ուսումնասիրել երկրի տարածքում բնակվող այն անձանց ակտիվները, որոնք կասկածվում են քրեական գործունեություն ծավալելու մեջ, ինչպես նաև եվրոպական տնտեսական տարածությունից դուրս գտնվող ազդեցին քաղաքական գործիչների ակտիվները։
Լոնդոնի գլխավոր դատարանը Զամիրա Խադիջևայից պահանջել է բացատրել, թե ինչ միջոցներով են ձեռք բերվել 11,5 ֆունտ սթեռլինգ արժողությամբ տունը և 11,5 մլն ֆունտ սթեռլինգ արժողությամբ Նայթսբրիջում գտնվող հողատարածքը և այդ միջոցների ծագման աղբյուրը։
Դատարանից ստացված տեղեկության համաձայն, եթե Զամիրա Խադիջևան չկարողանա պարզաբանել իր միլիոնավոր դրամական միջոցների և անշարժ գույքերի ծագման սկզբնաղբյուրը, դատարանը կարող է առգրավվել նրա ունեցվածքը։