Նիկոլ Փաշինյանը դարձել է ավելի վստահ. Ռիչարդ Միլզ. azatutyun.am
Advertisement 1000 x 90

Նիկոլ Փաշինյանը դարձել է ավելի վստահ. Ռիչարդ Միլզ. azatutyun.am

Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլզի համոզմամբ՝ Հայաստանում «ժողովրդավարության ապագան փայլուն է»:

«Ազատության» հետ բացառիկ հարցազրույցում ՀՀ-ում ավելի քան երեք ու կես տարի պաշտոնական Վաշինգտոնը ներկայացրած Միլզը ընդգծել է․

– «Հայ ժողովուրդը նպատակասլաց կերպով շարունակում է առաջ գնալ»:

«Լավատես եմ Հայաստանում ժողովրդավարության ապագայի վերաբերյալ, որովհետև գիտեմ, թե Հայաստանի ժողովուրդը ինչ է ցանկանում: Նախորդ 25 տարիների ընթացքում ուշադրությամբ հետևելով Հայաստանին՝ հասկացել եմ, որ երբեք չես կարող գնալ հայ ժողովրդի դեմ: Չնայած ողբերգական, մեծ պատմությանը` հայ ժողովուրդը վերապրել է դժվար հարևանություն և նպատակասլաց կերպով շարունակում է առաջ գնալ: Հայերը գիտեն ինչ են ցանկանում և հասնելու են այդ նպատակին: Ուստի վստահ եմ, որ այստեղ ժողովրդավարության ապագան փայլուն է»:

Ռիչարդ Միլզի խոսքով, այս տարվա ապրիլ-մայիսին տեղի ունեցածը ցույց տվեց, որ հայ ժողովուրդը ցանկանում է ունենալ նոր հասարակություն․

– «Այն, ինչ մենք տեսանք այս տարվա ապրիլ-մայիսին, հայերի առաջնորդած, հայերի առաջ մղած զարգացումներ էին, երբ հայ ժողովուրդը ոգևորիչ կերպով խաղաղ բողոքի միջոցով արտահայտեց իր դժգոհությունը: Հայերը ցանկանում էին նոր հասարակություն, ցանկանում էին տեսնել այնպիսի քաղաքական կամք, որը լուծում կտա խնդիրներին: Անկեղծ ասեմ, ինձ հարցնում էին՝ երբ Գյումրիում սկսվեց շարժումը, արդյո՞ք տեսնում էի, թե այն ուր կհասնի: Իմ պատասխանն՝ ոչ»:

Խոսելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին՝ դեսպան Ռիչարդ Միլզը համեմատություն արեց Միացյալ Նահանգների հիմնադիր հայրերից մեկի՝ երկրորդ նախագահ Ջոն Ադամսի հետ, որովհետև, դեսպանի խոսքով, Ադամսը կարողացավ ապստամբների առաջանորդից դառնալ պետության ղեկավար․

– «Պատիվ եմ ունեցել բազմիցս հանդիպել (Հայաստանի) վարչապետին՝ մինչև Փաշինյանի վարչապետ ընտրվելը և վարչապետ ընտրվելուց հետո։ Հարց էր առաջացել, որը, կարծում եմ, բոլորիս մոտ է ծագել՝ արդյո՞ք նա կարող է հեղափոխական առաջնորդից, փողոցի քաղաքական գործչից անցում կատարել պետության ղեկավարի: Սա տարբեր հմտություններ է պահանջում, և յուրանչյուրը չի կարող նման անցում կատարել: Տեսել ենք՝ որոշ մարդիկ ձախողվել են: Պետք է ասեմ, որ տպավորված եմ՝ տեսնել նրան առաջնորդի դերում, նա դարձել է ավելի վստահ: Կարծում եմ, նա դեռ ձգտում է տիրապետել առաջնորդի հմտություններին: Տպավորված եմ նրա հեղինակությամբ, նա կարողանում է տեսնել ընդհանուր պատկերը»:

Երևանից հեռացող Միլզը հայ-ամերիկյան հարաբերությունները «ամուր և խորը» բնորոշեց․

– «Կարծում եմ մեր հարաբերությունները Հայաստանի հետ ամուր են և խորը: Անցած շաբաթ հայտարարեցի, որ ԱՄՆ կառավարությունը ավելացրել է Հայաստանին տրվող աջակցությունը: Ցանկանում ենք աջակցել այստեղ տեղի ունեցող փոփոխություններին, ցանկանում ենք աջակցել նրան, ինչին հայ ժողովուրդը ցանկանում է հասնել: Կարծում եմ, մեր հարաբերությունները լավ վիճակում են: Մոտ երկու շաբաթից Երևան է այցելելու ԱՄՆ բարձրաստիճան ներկայացուցիչը՝ Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնը, ով նախորդ 3-4 տարիների ընթացքում Հայաստան այցելած ԱՄՆ ամենաբարձրաստիճան պաշտոնյան է: Կարծում եմ, հայ-ամերիկյան հարաբերությունները լավ վիճակում են»:

azatutyun.am