Ինչու՞ է Մակրոնի այցը ՀՀ պետականից փոխակերպվել աշխատանքայինի․ պարզաբանում ԱԳՆ-ից և Ֆրանսիայի դեսպանատնից
Advertisement 1000 x 90

Ինչու՞ է Մակրոնի այցը ՀՀ պետականից փոխակերպվել աշխատանքայինի․ պարզաբանում ԱԳՆ-ից և Ֆրանսիայի դեսպանատնից

Հաշվի առնելով Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի բավական ծանրաբեռնված օրակարգը՝ նախապես երկկողմ պայմանավորվածություն է ձեռք բերվել Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնի այցն անցկացնել աշխատանքային մակարդակով՝ գագաթնաժողովի շրջանակներում։

Tert.am-ի հետ զրույցում այս մասին հայտնեց արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պետական այցի փոխակերպումը աշխատանքայինի:

«Առկա է երկկողմ հանձնառություն առաջիկայում պետական այցի կազմակերպման ուղղությամբ, որը ևս մեկ հնարավորություն կլինի քննարկելու հայ-ֆրանսիական բազմաշերտ և բազմաոլորտ համագործակցության ողջ ներկապնակը»,- պատասխանեց Աննա Նաղդալյանը:

Հիշեցնենք, որ մինչ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության երևանյան գագաթնաժողովը, լրատվամիջոցներով տարածվել էր տեղեկատվություն, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը այդ օրերին Հայաստանում է լինելու պետական այցով:

Դրա մասին նաև խոսել էին և՛ ՀՀ վարչապետը, և՛ Ֆրանսիայի նախագահը: Նշենք, որ լրատվամիջոցներով նաև տարածվել էր տեղեկատվություն, որ Ֆրանսիայի նախագահը մինչ Հայաստան այցը լինելու է Ադրբեջանում: Այցի ընթացքում նախատեսվում էր ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ քննարկում, ինչպես նաև՝ Ադրբեջանում ծովային պարեկության նավ կառուցելու մասին ֆրանսիական կողմի հետ պայմանագրի կնքում:

Նկատենք, որ  Ադրբեջան այցն այդպես էլ տեղի չունեցավ, իսկ Հայաստան այցը պետականից դարձավ աշխատանքային: Վերջինիս պատճառների մասին՝ ԱԳՆ –ի պարզաբանմամբ ներկայացրինք վերևում: Իսկ Առաջինի պատճառը գտնելու համար Tert.am-ը դիմել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատուն, և ստացել է պատասխան՝ «ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը իրավասու է միայն հայ – ֆրանսիական հարաբերությունների համար: Այլ երկրների հետ կապված հարցումների համար խնդրում ենք կապ հաստատել Փարիզի կապի և մամուլի տնօրինության հետ»:

Իսկ նախագահ Մակրոնի Հայաստան այցի այլ մակարդակի փոխվելու հետ կապված դեսպանատունը պարզաբանել է․ «Հանրապետության Նախագահը Հայաստան ժամանեց Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողավի առիթով: Պետական այց կնախատեսվի հետագայում: Ֆրանսիայի և Հայաստանի հարաբերությունների որակի մասին կարելի է դատել երկու երկրների ղեկավարների միջև հարաբերությունների մեծ հաճախականությամբ՝ Հանրապետության Նախագահը հանդիպել է պարոն Փաշինյանին հուլիսի 10-ին՝ Բրյուսելում, ընդունել նրան Փարիզում՝ սեպտեմբերի 14-ին՝ աշխատանքային ճաշի շրջանակում, հետո, նախքան հոկտեմբերի 10-ից 12-ը Հայաստան ժամանելը, հոտկեմբերի 5 ին Շառլ Ազնավուրին հիշատակին նվիրված ազգային հագանքի տուրքի մատուցման արարողության ժամանակ»:

tert.am



Նման նյութեր