Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի նախկին տնօրեն Գեղամ Գևորգյանն այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարար։ Հիշեցնենք, որ Գ. Գևորգյանը ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի սանիկն է, ով մամուլում հայտնի է նաև նրանով, որ 1.5 միլիոն դրամ աշխատավարձ էր ստանում Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի նախկին տնօրենի պաշտոնում:
Այս մասին Գեղամ Գևորգյանն ասել էր. «Ցավն այն է, որ նախ՝ 1.5 միլիոն դրամ կեղտոտ աշխատավարձն է, երկրորդ՝ 15-20 րոպե ներկայացրինք, թե ինչքան ներդրում ենք բերել, բայց ոչ ոքի մոտ հարց չառաջացավ՝ ո՞նց եք այդ ներդրումը բերել։ Զուտ այդքանը»։
Թեպետ Գյուղատնտեսության նախկին նախարար Իգնատի Առաքելյանը գոհ էր Գևորգյանի աշխատանքից և կարծում էր, որ նա արժանի է բարձր վարձատրության, սակայն ուշագրավ է, որ Վերահսկիչ պալատը ստուգումներ էր կատարել Գևորգյանի ղեկավարած հիմնադրամի կողմից Համաշխարհային բանկի և այլ միջազգային վարկային ու դրամաշնորհային ծրագրերի միջոցների հաշվին իրականացված ֆինանսների օգտագործման մասով և հանգել է եզրակացության, որ ընդհանուր առմամբ ԳԾԻԳ-ը գործել է ոչ արդյունավետ և չի ապահովել 2017 թ. համար նախատեսված ծրագրերի իրականացման գործընթացը:
Մասնավորապես` կոոպերատիվների հետագա գործունեության և գույքի նպատակային շահագործման մոնիտորինգ չի իրագործվել, չեն ներդրվել շահառուների կողմից ծրագրի միջոցով ձեռք բերված գույքի օգտագործմամբ ունեցած արդյունքների վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման համակարգեր և ընթացակարգեր, ինչի հետևանքով` ԳԾԻԳ-ը հնարավորություն չի ունեցել գնահատելու ծրագրի կատարման արդյունավետությունը և օգտավետությունը:
ՎՊ ուսումնասիրության արդյունքում պարզվել է նաև, որ գյուղ. կոոպերատիվների գործունեությունը կրում է ձևական բնույթ, և դրանք ստեղծվել են ոչ թե ռեսուրսների համատեղմամբ միասնական և արդյունավետ գործունեություն իրականացնելու, այլ գյուղտեխնիկա ունենալու համար: ՎՊ-ն փաստում է, որ վարկային միջոցներն օգտագործվել են անարդյունավետ: