Ամերիկացի երգիչ Քանյե Ուեսթը հանդիպում է ունեցել Ուգանդայի նախագահ Յովերի Մուսևենիի հետ և նրան մի զույգ մարզակոշիկ նվիրել, իսկ փոխարենն ստացել է ուգանդական անուն: Այդ մասին հայտնել է New Vision թերթը:
Հրատարակությունը, վկայակոչելով Ուգանդայի նախագահի մամուլի ծառայությունը, հայտնել է, որ Մուսևենին ընդունել է Քանյե Ուեսթին ու նրա կնոջը՝ Քիմ Քարդաշյանին, որոնք հանգստանալու են եկել Ուգանդա: Հանդիպման ընթացքում ամերիկացի երգիչն Ուգանդայի ղեկավարին մի զույգ սպիտակ մարզակոշիկ է նվիրել և դրանց վրա թողել իր ինքնագիրը:
Ի պատասխան Մուսևենին Ուեսթին և Քարդաշյանին մի քանի գիրք է նվիրել: Բացի այդ, Ուգանդայի նախագահն ամերիկացի հյուրերին տեղական անուններ է տվել. Ուեսթին՝ Քանյեսիգի, իսկ Քարդաշյանին՝ Քեմիգիշա: «Ամերիկացի զույգը նախագահի հետ քննարկել է Ուգանդայի և ընդհանուր առմամբ Աֆրիկայի ներդրումային ներուժը, հատկապես զբոսաշրջության ոլորտում»,- նշել է Մուսևենիի մամուլի ծառայությունը: