Մասնագիտական որոշ գնահատումներով` մայրաքաղաքի բնակֆոնդի 70-80 տոկոսը վթարային է: Երևանի նորընտիր քաղաքապետն արմատացած հարցին արմատական լուծում է պատկերացնում` քանդել, նորերը կառուցել: Հայկ Մարությանը միաժամանակ նաև շեշտում է` դա ֆինանսի ու ժամանակի լուրջ խնդիր է:
Որքանո՞վ է իրատեսական մայրաքաղաքի բնակֆոնդի խնդրի այսօրինակ լուծումն ու որքանո՞վ են դրա իրականացման ժամկետերն ու ռեսուրսները տեսանելի:
Երևանի նոր քաղաքապետի առաջ Երևանի հին խնդիրներն են ու դրանց շարքում առաջնահերթորեն նաև` հին, վթարային շենքերը: Հայկ Մարության:
«Մենք էլ վաղ թե ուշ գալու ենք, այդ խնդրի լուծմանը կանգնելու ենք։ Իհարկե, սա չի լինիմոտակա 5 տարվա մեջ, խնդիրը չի առաջանա, բայց այն, որ պետք է այսօրվանից սկսել դրամասին մտածել, դա՝ վստահաբար»:
Ինչ ժամկետում, ինչպես, ֆինանսական ինչ միջոցներով է պետք հասնել խնդրի լուծմանը` դեռ հստակեցման ենթակա հարցեր են քաղաքապետի համար էլ: Մարությանն ինքն էլ ընդգծում է` ոչ թե ծրագրեր ունենք, այլ անելիքներ ու դրա ենթադրած ֆինանսական լուրջ բեռ: Սա քաղաքապետարանի, կառավարության ու քաղաքացիների համատեղ քննարկելիք ու որոշելիք հարցն է: Այսօր լուծվող չէ, բայց պահանջում է լուծմանը սկսել անդրադառնալ արդեն այսօր: Քաղաքապետը մատնանշում է Մոսկվայի փորձը:
Խորհրդային տարիներին Երևանի շենքերը կառուցվել են 7 բալ սեյսմակայունությամբ: Բայց տասնամյակների շահագործումը հանգեցրել է դրանց բարոյական մաշվածությանը, իսկ սեյսմիկ ռիսկերն այսօր պահանջում են 9 բալ և նույնիսկ ավելի բարձր սեյսմակայունություն: Վթարային շենքերի խնդրի լուծումը պահանջում է քայլերի հստակ հերթականություն: Ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը մատնանշում է դրանցից առաջին անհրաժեշտը:
«Պետք է ողջ ֆոնդը` սկսած փողոներից, վերջացրած ամեն կառույցով, անձնագրավորվի, հստակեցվի ամեն մեկի վիճակը, ուսումնասիրվի` որը ինչքան կդիմանա, որը պետք է ծրագրի մեջ ներառվի, որի մասով վերանայում արվի, որի մասով` ոչ: Ծրագիր չկա ներկայացված, որ ասեմ` իրատեսական է, թե ոչ: Միայն խոսվում է ցանկությունների մասին»:
Այո, ծրագիր չկա այստեղ ու շատ մեծ ծրագիր պետք էլ չէ. սա էլ քաղաքապետի կարծիքն է: Հայկ Մարության:
«Ուղղակի պետք է քանդվի ու նորը կառուցվի: Այստեղ շատ մեծ ծրագիր պետք չէ: Պետք է հասկանալ, թե այդ ֆինանսական լուրջ միջոցները որտեղից են ձեռք բերվելու»:
Ամբողջությամբ՝ armradio.am