Սամվել Ալեքսանյանի մոտ ևս ներքին հեղափոխությունը հաղթանակել է. ՊԵԿ նախագահ
Advertisement 1000 x 90

Սամվել Ալեքսանյանի մոտ ևս ներքին հեղափոխությունը հաղթանակել է. ՊԵԿ նախագահ

Սեպտեմբերի վերջի դրությամբ մոտ 26-28 հազարով ավելացել են աշխատանքի ընդունված քաղաքացիները: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 16-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք հայտնի օլիգարխներին պատկանող ընկերություններում, այդ թվում սուպերմարկետներում սկսել են լրիվ օրինական աշխատել:

Հարցին, թե կա՞ն մեխանիզմներ, որ տնտեսվարողները գրանցեն իրենց բոլոր աշխատակիցներին, ՊԵԿ նախագահը դրական պատասխան տվեց. «Մենք պարբերաբար ստուգումների միջոցով այս կամ այն գործատուի մոտ հայտնաբերում ենք չգրանցված աշխատողներին»:

Դիտարկմանը, թե ստացվում է, որ ՊԵԿ-ը նախկինում լավ չի՞ աշխատել, որ հեղափոխությունից հետո գրանցված աշխատակիցների թիվն աճել է 28 հազարով, Դավիթ Անանյանը պատասխանեց. «Այո, բայց դա չի նշանակում, որ հիմա բոլոր հարցերը կարգավորված են: Հիմա էլ ինչ-որ X ժամանակ հետո պետք է ավելի լավ աշխատենք: Եթե մենք համադրության մեջ ենք դնում նախկինն ու ներկան, միշտ հիշեք, որ այսօրվա ներկան ապագայի նախկինն է, հետևաբար ապագայում այսօրն էլ վատն է լինելու»:

Նա նկատեց, որ բոլոր տնտեսվարողների, այդ թվում հանրությանը հայտնի գործարարների մոտ էլ կա աշխատակիցների աճ, բայց դա կարող է լինել նաև նրա արդյունք, որ զարթոնքից ելնելով տնտեսական աճ է եղել:

«Աշխատողների գրանցումը յուրաքանչյուր անձի մեջ ներքին հեղափոխության արդյունք էր, որը տնտեսության հետ ոչ մի առնչություն չունի»,-ասաց Դավիթ Անանյանը:

Հարցին, թե այսինքն Սամվել Ալեքսանյանի մեջ հեղափոխությո՞ւն է եղել, ՊԵԿ նախագահն արձագանքեց. «Բոլորի, ինչո՞ւ եք թերագնահատում մարդկանց: Բոլորն էլ ազատագրվել են, բոլորի մոտ էլ ներքին հեղափոխությունը հաղթանակել է»:

Նա անդրադարձավ նաև մենաշնորհներին՝ նշելով. «Պետք է իրատես լինել, եթե տասնամյակների ընթացքում որևէ անձ կամ որևէ անձանց խումբ որևէ ոլորտում ունեցել է գերիշխող կամ մենաշնորհային դիրք, հիմա երբ մենք բոլոր կապանքներից ազատում ենք բոլորին, արդեն գրաված շուկաներում մեկ այլ անձի կողմից մուտք գործելը օբյեկտիվ խոչընդոտներ կարող է ունենալ, բայց դրանո շուկայից թելադրվող խոընդոտներ են»: