Ամերիկյան The Washington Post թերթը հոկտեմբերի 18-ին հրապարակել է լրագրող Ջամալ Հաշքաջիի նյութը, որի վրա աշխատանքը նա ավարտել է հոկտեմբերի 2-ին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսարանում իր անհետացումից ոչ շատ առաջ: Լրագրողի սյունակում հիմնական թեմաներ էին դարձել արաբական աշխարհում զանգվածային լրատվամիջոցների ազատության ցածր մակարդակը և պետական ազդեցութան խստացումը նորությունների լուսաբանման վրա:
«Արաբական երկրների կառավարությունները հարաճուն արագությամբ շարունակում են լռության մատնել զանգվածային լրատվամիջոցներում (տեղ գտած խնդիրները): Կար ժամանակ, երբ լրագրողները հավատում էին, թե Համացանցը կազատի նորություններն այն գրաքննությունից և վերահսկողությունից, որոնք ներկա են տպագիր ԶԼՄ-ներում: Բայց այդ կառավարությունները, որոնց բուն գոյությունը կախված է տեղեկատվության նկատմամբ վերահսկողությունից, ագրեսիվորեն արգելափակում են Համացանցը»,- գրել է Հաշքաջին:
Լրագրողի կարծիքով՝ 2011 թվականի գարնանն «արաբական աշխարհը լի էր հույսերով», սակայն ակնկալիքները չարդարացան. «հասարակությունը կա՛մ վերադարձել է նախկին ստատուս քվոյին, կա՛մ հանդիպել էլ ավելի խիստ պայմանների, քան նախկինում էր»:
Լրագրող Ջամալ Հաշքաջին, որը հայտնի է Սաուդյան Արաբիայի քաղաքականության նկատմամբ իր քննադատական հայացքներով, հոկտեմբերի 2-ին Ստամբուլում թագավորության գլխավոր հյուպատոսություն էր մեկնել փաստաթղթեր ձևակերպելու համար և այդ ժամանակվանից կապի մեջ չի եղել: Հոկտեմբերի 6-ին Reuters գործակալությունը հայտնել է, որ թուրքական ոստիկանությունը դիտարկում է դիվանագիտական ներկայացուցչության շենքում լրագրողի սպանության վարկածը: