Երեխաները ներկա պահին գտնվում են խնամք իրականացնող շուրջօրյա հաստատությունում: Նրանց առողջական վիճակը, ինչպես ցույց է տվել բուժզննումը, բավարար է:
Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության բակում հայտնաբերված երեխաներին որդեգրելու ցանկություն հայտնողների իրական բում է՝ փաստում են պատասխանատուները:
Գյումրիում հոկտեմբերի 17-ի երեկոյան պոլիէթիլենային տոպրակներում հայտնաբերված 2 տղա երեխաներին որդեգրելու ցանկություն են հայտնել են մեծ թվով քաղաքացիներ: Ի դեպ, ցանկություն հայտնում են ոչ միայն Գյումրիից ու Շիրակի մարզից, այլ նաև հանրապետության տարբեր մարզերից: Որդեգրել ուզում են նույնիսկ նրանք, ովքեր հաշվառված չեն որպես որդեգրողի թեկնածու: Կան այնպիսիներ, ում մոտ այդ ցանկություն այնքան մեծ է, որ պատրաստ են անցնել բոլոր անհրաժեշտ գործառույթները՝ հավաքել բոլոր պարտադիր փաստաթղթերը որպես որդեգիր հաշվառվելու համար:
Սակայն բոլոր նրանց, ովքեր արդեն ցանկություն հայտնել են կամ դեռ հայտնելու են երեխաներին որդեգրելու, պատասխանատուները ասում են՝ ցանկություն այլ է, իրականությունը այլ: «Երեխաներին որդեգրելու հետ կապված այս պահի բումը ուզում եմ հանդարտվի: Ցանկությունը մի բան է, իրականությունը` այլ: Նախ այդ երեխաները դեռևս որպես որդեգրման ենթակա հաշվառված չեն և չեն էլ հաշվառվի առաջիկա 3 ամսվա ընթացքում, ինչպես պահանջում է ընտանեկան օրենսգիրքը. այսինքն` եթե ծնողները չեն հայտնաբերվում երեխայի հայտնաբերման պահից 3 ամիս անց, այդ ժամանակ նոր երեխաները հաշվառվում են որպես որդեգրման ենթակա երեխաներ:
Իսկ եթե այդ ընթացքում ոստիկանությունը հայտնաբերում է ծնողներին, հավանականությունը մեծ է, որ երեխաները վերադառնան կենսաբանական ընտանիք»,- նշեց Շիրակի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լիլիթ Գորգինյանը` խնդրելով բոլորին, որ չխանգարեն երեխաներին հանգրվան տված հաստատության աշխատանքներ` երեխաներին տարբեր պատրվակներով տեսնելու նպատակով: «Պետք չէ տարբեր պատրվակներով, այդ թվում նաև երեխաներին նվերներ տալու, գնալ հաստատություն: Պետք է մտածել, որ այդ հաստատությունում նաև այլ երեխաներ կան։ Այստեղ գերակա է երեխայի շահը, և երեխան պետք է լինի ապահով պայմաններում»,- նշեց նա:
Ավելացնենք` երեխաները ներկա պահին գտնվում են խնամք իրականացնող շուրջօրյա հաստատությունում: Նրանց առողջական վիճակը, ինչպես ցույց է տվել բուժզննումը, բավարար է: