«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պարզվում է` ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանն ի զորու չէ որեւէ լուծում գտնել Բագրատաշենում ամիսուկես կուտակված աջ ղեկով շուրջ 130 ավտոմեքենաների հարցով: Իրավիճակի պատասխանատվությունը նա թողնում է Ազգային ժողովի վրա:
«Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե մարդիկ տեղյակ չեն եղել, որ «ժամանակավոր» բառը ՀՀԿ իշխանության օրոք օրենքից հանվել է, եւ մեքենաներ են գնել առցանց աճուրդներով ու կանգնել փաստի առաջ, նախարարը պատասխանեց. «Թող գնան եւ պատասխանները ուզեն ասողներից: Ես գիտեմ, որ օրենքը համապատասխան ձեւի հրապարակվել է, պետք է տեղեկանային»:
Մեր մյուս հարցին, թե մարդիկ բերել են ու փաստացի խնդրի առաջ կանգնել, նախարարն ավելի ցնցող պատասխան տվեց. «Դե մարդիկ էլ կան, որ կոկաին են բերում եւ այնտեղ` սահմանին, խնդրի առաջ են կանգնում»: Դե, իհարկե, մարդիկ էլ կան, որ պատկերացում չունեն իրենց՝ նախարարի կարգավիճակի լրջության մասին: Իսկ իշխանական ՔՊ-ականները Հունան Պողոսյանի դեմ են պայքարում՝ պայքարի իրական թիրախին թողած»: